Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մա՜հ.․․ Մա՜հ․․․ և բարերար ձայն մը չը գոչեր՝ «ա՛լ բավական է»։ Վաղենա՜կ, սիրելի՜ս, մենք ևս հոս բանտի մը մեջ ենք, քիչ ատենեն պիտի գան արյունռուշտ դահիճներ և մեզ խողխողելով՝ մեր դիակներովը հաղթության կոթողներ պիտի կառուցանեն և մեր արյամբը հաղթություն պիտի գրեն Սեբաստիո մթին փլատակացը վրա․․․

ՎԱՂԵՆԱԿ․— Ա՜հ, սոսկալի Է այդ․․․ Եվ այն ատեն նախատալից պիտի ըլլան ամուսնույդ ոսկորները, եթե սուր ի ձեռին չը մեռնի․․․ Նազենիկ, երբ այս գիշեր անկողնույն մեջ անքուն՝ հայրենիքս, քեզ և զավակս կը մտածեի, հանկարծ սպառնալից ձայն մը որոտաց ականջիս, «Արի՛, դո՛ւ ալ զենք առ և կռվե, ինչպես որ քու եղբարք կը կռվին»․․․ Հանկարծ սարսափահար ցատկեցի, մոռցա հորդ և քու տառապանքդ և զավկիս ողբը, դուրս նետվեցա իսկույն և իզուր խավարին մեջ թշնամի փնտռեցի այն ձայնին զոհելու համար։
ՆԱԶԵՆԻԿ․— Եվ չը մտածեցի՞ր անգամ մը, որ երբ ամուսինդ և զավակդ զքեզ չը գտնեն իրենց քով՝ ի՞նչ սոսկալի ժամ մը պիտի ըլլա այն․․․
ՎԱՂԵՆԱԿ.— Նազենիկ, դու որ այնչափ սիրելի ես ինծի, քո ձայնեդ ավելի ազդու Էր այն ձայնը․․․ Կարծես թե մրրիկ մ’էր, որ զիս հառաջ մղեց։
ՆԱԶԵՆԻԿ.— Վաղենակ, ահա արևն իր վարդե ճառագայթները կը սփռե հորիզոնին վրա, հիմա Վարդանուշ արթնցած հայրն ու մայրը կը փնտռե, երթա՛նք, գութ ունեցիր այն անմեղին վրա․․․
ՎԱՂԵՆԱԿ․— Երկի՛նք, դու ալ նույնպես գութ ունեցիր Հայաստանին