Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

20. «Որ «Ս. Ղազարու կամ Առաքելոց վանքը Մուշի մեջ (239) չէ գտնվում», այլ այդ քաղաքից բավական հեռու Ծիրընկատար լեռան ստորոտը»։

Սո՛ւտ է, «Կայծերի» մեջ չէ՝ ասված թե ս. Ղազարու վանքը գտնվում է Մուշ քաղաքում, այլ «Մուշի մեջ» (299), ուր պետք է հասկանալ դաշտը և ոչ թե քաղաքը։ Այս վանքը գտնվում է Մուշ քաղաքից 2 ժամ հեռավորությամբ միայն և հայտնի է անունովս «Մշու Սուրբ Առաքյալք» (տես հայր Ինճիճյանի «Ստորագրություն Հին Հայաստանեայց» , եր. 102—103)։

Ինչի՞ց են առաջ գալիս պ. կրիտիկոսի այդ բոլոր խառնափընթորությունները[1]։ Գիտության բացակայությունից։ Ճշմարիտ գիտնականի մեջ զգուշությունը հասնում է մինչև երկչոտության։ Նա երբեք չի վստահանա մի որևիցե միտք հայտնել, եթե շատ անգամ փորձած և ստուգած չլինի։ Բայց պ. Հայկունու նման անուսները համարձակ են լինում, մինչև անգամ հանդուգն են լինում։ Դրանք ամեն բանի վրա դատողություն են անում, առանց նախապես սովորած լինելու։ Գիտնականը երկչոտ է լինում, որովհետև գիտե, որ մի ամենափոքր սխալ կարող է կոտրել նրա հեղինակությունը։ Իսկ անուսը հանդուգն է լինում, որովհետև կորցնելու ոչինչ չունի։ Ի՞նչ բան կկորցնե պ. Հայկունին, երբ նրան ցույց են տալիս, որ նա կեղծ փաստեր է հնարում և նրանից իր ցանկացած եզրակացություններն է դուրս բերում, որ նա իր քննելի առարկայի հետ այնպես է վարվում, «որպես մի կաշառված և խարդախ դատական քննիչ մի անմեղ մեղադրվածի հետ»։ Ի՞նչ պիտի կորցնե նա։ Ոչինչ։ Ով որ ոչինչ չունի կորցնելու, վտանգից ազատ է մնում։

Մոլլա Նասրեդդինը էշի վրա նստած անց էր կենում փողոցով, հանկարծ էշից վայր ընկավ։ Տեսնողները սկսեցին ծիծաղել։ Մոլլան պատասխանեց նրանց. «Ի՞նչ եք ծիծաղում, գետնի վրա էի, էլի գետնի վրա եմ գտնվում»։ Այդ խոսքերով կամեցավ հասկացնել նրանց, որ էշի վրա նստած ժամանակ ևս գետնի մակերևույթից շատ բարձր չէր գտնվում։ Այսպես էլ մեր գրականական սողունները, այդ ստորաքարշ զեռունները ի՞նչ հեղինակություն ունեն կամ ի՞նչ բարձրությունից պետք է ցած ընկնեն, երբ ցույց է տրվում նրանց մտավոր և հոգեկան բոլոր դատատարկությունը։ Նրանք գետնի վրա էին, էլի գետնի վրա կմնան։

  1. Մի մոռացեք, որ Ներսիսյան դպրոցի պատկառելի հոգաբարձությունը հանձնել է այդ մարդուն հին Հայաստանի աշխարհագրության դասերը: