Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չէ կարելի այսպիսի ընդհանուր խոսքերով բացատրել մի որևիցե վեպի գաղափարները, ասելով.— «Կայծերի» արգո հեղինակը ընդունում է (գոնյա ինչպես սեփական խոսքերիցն է երևում), որ հայ ազգի նյութական և բարոյական անկման պատճառը նրա ընտանեկան, դպրոցական և ընկերական կյանքի տգիտությունիցն է առաջ գալիս: Բայց այդ ընկած վիճակը վերականգնեցնելու համար պարոնը առաջարկում է դարձյալ տգիտություն, մինչև անգամ վայրենություն»:

Պարոնը չէ հասկանրւմ, եթե վեպի մեջ նկարագրվում է մի որևիցե հիմնարկության անկարգ դրությունը, նրա վնասակար ազդեցությունը, այդ չէ նշանակում, որ հեղինակը մերժում է այն հիմնարկության կարևորությունը, այլ ընդհակառակը, ցույց տալով նրա թերությունները, հեղինակը ցանկանում է վերանորոգել և ավելի օգտավետ պայմանների մեջ դնել նրան։ Օրինակ, «Կայծերի» մեջ նկարագրված է տեր Թոդիկի դպրոցը իր բոլոր այլանդակությամբ, իր բոլոր ստրկացնող և բթամտացնող ազդեցությամբ (եր, 53—83)։ Նկարագրելով այդ դպրոցը կամ որպես նրա աշակերտ Ֆարհադը կոչում է այդ «դժոխքը»,— հեղինակը դրանով չէ կամենում ցույց տալ, թե ուսումը կամ «լույսը» պետք չէ, այլ այդ «դժոխքի» նկարագրությունից ինքնըստինքյան ծագում է այն միտքը, թե «լույս» կամ ուսում ստանալու համար պետք է ունենալ ավելի կանոնավոր, ավելի նպատակահարմար դպրոցներ։ Այնպես էլ, նկարագրելով հայոց ընտանեկան և ընկերական կյանքը իրանց բոլոր պակասություններով, հեղինակը ցանկանում է, որ այդ պակասությունները լրացվեն ավելի օգտավետ և կյաևքի պահանջներին համապատասխան պայմաններով։

Իսկ թե «Կայծերի» հեղինակը «վայրենություն» կամ «վայրագություն» է քարոզում,— մեզ շատ մութն է, թե ի՞նչ է ուզում պ. Հայկունին հասկացնել այդ խոսքերով. մի թե նա վայրենություն է համարում անձնապաշտպանությունը։ Մի՞թե նա վայրենություն է համարում վայրենի քրդի հափշտակությունից իր կյանքը, իր ընտանիքը պահպանելը։ Եթե այդ վայրենություն համարվեր, մենք պետք է ամբողջ լուսավորյալ Եվրոպան վայրենի համարեինք, որտեղ պետությունները իրանց երկրի հասույթների ամենամեծ մասը ծախսում են զինվորների պահպանության համար, որպեսզի պահպանեն իրանց երկրի շահերը։

Պ. Հայկունին ուրիշ հակառակություններ ևս գտնում է «Կայծերի» հեղինակի և «Մշակի» մտքերի մեջ։ «Մշակը» քարոզում է: