Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց մինույն ժամանակ, սաստիկ անքաղաքագետ և դյուրախաբ մարդիկ։ Որոնց ընդհակառակն, նրանց թշնամին, ջուանշիրցի Փանահ—խանը, ներկայանում է որպես մեղմ, փափուկ բայց չափազանց նենգավոր մարդ։ Դա քաջության հետ միացրել է և խորամանկությունը, այդ պատճառով էլ հաղթող է հանդիսանում։ Քաջությունը առանց դիպլոմատիայի կորցնում է իր զորության նշանավոր մասը։

Փանահ—խանի գործիքը, աստղագետ Հասանը, որ պտտեցնում է իր փորձված ձեռքում Ղարաբաղի ճակատագրական աստղը, այդ մեծ խաբեբան ներկայացնում է պարսկական մարմնացած խորամանկության կատարելատիպը։

Մի կողմում քաջություն և պարզամտություն, մյուս կողմում՝ քաջություն նենգավորության հետ միացած,— այդ երկու հակառակ բնավորությունների ընդհարումների մեջ «Ղարաբաղի Աստղագետի» հարգելի հեղինակը, կարծես, կամեցել է նկարել այն տխուր պատկերը, որ մեր ազգի պատմական կյանքում միշտ նրա դժբախտության պատճառն է եղել։

Ամեն մի հայ, առանձին վեր առած, խելացի է, գուցե բավական խորամանկ է իր մանր հաշիվների մեջ, բայց ազգովին վեր առած, չէ կարելի ասել, թե խելացի է, այլ ընդհակառակն, չափազանց դյուրախաբ և միամիտ ժողովուրդ է։

Հայկական բնավորության այդ թույլ կողմերը ավելի որոշ գծերով երևում են «Ղարաբաղի Աստղագետի» մեջ, իսկ մանրամասները կարելի է տեսնել մեր «Խամսայի մելիքությունները» կոչված գրքում, որ բովանդակում է իր մեջ Ղարաբաղի վերջին տարիների պատմությունը։ Այդ երկու աշխատությունները անմիջական կապ ունեն միմյանց հետ և լրացնում են մինը մյուսի թերությունները, մեկը, որպես վեպ, մյուսը, որպես պատմություն։ Եվ այդ մտքով էլ մենք թարգմանեցինք «Ղարաբաղի Աստղագետը» համարելով նրան իբրև մի օժանդակ կամ լրացուցիչ աղբյուր «Խամսայի մելիքությունները» կոչված պատմության համար։

Մեր թարգմանություն մեջ ոչինչ փոփոխություններ չենք արել, ամենայն հարազատությամբ հետևել ենք բնագրին։ Հեղինակի ծանոթությունների հետ ավելացրինք և մեր ծանոթությունները, գրքի մթությունները լուսաբանելու համար։ Մի քանի տեղերում ուղղեցինք այն սխալները, որ հեղինակը անում է թե գրքի և թե իր ծանոթությունների մեջ։