Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մշակը» յուր մոգական հարվածով միանգամայն շարժեց հասարակական թմրած մարմինը։ Մարդիկ հանկարծ աչքները բաց արին, սկսեցին մտածել իրանց գործերի վրա, սկսեցին մտածել իրանց պետքերի վրա։ Լրագիրը դարձավ հասարակության դաստիարակ և, միևնույն ժամանակ, նրա ընդհանուր կարիքների արտահայտություն։

«Մշակը» ընդարձակեց, լայնացրեց հայկական աշխարհի նեղ հորիզոնը։ Ոչ միայն ռուսաստանցի հայի, այլ ամենուրեք, ուր որ հայեր էին ապրում,— բոլորի գործերն nւ կյանքը նրա քննադատության առարկան դարձավ։ Նա առաջինը եղավ, որ ծանոթացրեց ռուսահայերին իրանց տաճկաստանցի, պարսկաստանցի, հնդկաստանցի և երկրագնդի զանազան կողմերում ցրված եղբայրների հետ, որոնք առաջ մոռացված և մինչև անգամ արհամարհված էին: Նա ուշադրություն դարձրեց և հայի դրացի օտարազգիների վրա, որոնց վիճակի ուսումնասիրությունը հայոց լրագիրը յուր պարտքը չէր համարում։

Յուր բոլորովին թարմ, երիտասրդ խմբագրի ղեկավարության ներքո «Մշակը» հեղեղեց հասարակությանը մի նոր կենդանացուցիչ հոսանքով, որ ամենափոքր ժամանակում արգասովոր ադյունք ունեցավ։ Վաղեմի, ավանդական ինքնախաբեության փոխարեն, սկսեց տիրապետել կրիտիկական հայացքը։ Ինքնաքննությունը և ինքնաճանաչությունը ահա այն դրդող և առաջ մղող տեսակետը, որով սովորեցրեց նա հայ հասարակությանը մտածել յուր պետքերի և յուր թերությունների վրա։

Այդ բոլորը իհարկե չէր կարող չգրգռել խավարասերների բարկությունը։ Հին փարիսեցին կատաղեց. հին դպիրը փրփրեց ամեն կողմից սկսեցին քարեր արձակել։ Բայց քաջ մարտիկը անվեհեր կերպով առաջ տարավ յուր սկսած գործը և լավ տարավ։

«Մշակի» ուղղությունը խիստ բարերար ազդեցություն ունեցավ և վիպագրության վրա։ Նրա օրերում վիպագրությունը ավելի լայն շրջանակի մեջ դրեց յուր պատկերները։ Նա դուրս եկավ

Աբովյանի շկոլայի գեղջկական նեղ շրջանից, և սկսեց հետազոտել ժողովրդի կյանքի ամեն կողմերը։ Նա ավելի խոր թափանցեց զանազան դասակարգերի բոլոր ծալքերի և բոլոր խավերի մեջ, և երևան հանեց նոր տիպարներ, նոր երևույթներ։ Քննադատական ոգին միացավ արհեստի գեղեցկության հետ, և վիպագրությունը ավելի ռեալական հողի վրա գրվեցավ։