Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մշակի» օրով գավառական բարբառներն ընկան, և գրական լեզուն առաջին անգամ համարձակություն ստացավ վեպի լեզու լինելու: Գեղարվեստի հետ սկսեց գեղեցկանալ նա, և նյութի բազմակողմանիության հետ` սկսվեց մշակվել և հարստանալ:

Այս լրագրի հենց սկսվելու օրից` նրա մշտական աշխատակից լինելու բախտն ենք ունեցել, և շարունակ 14 տարի նրա լծակի ծանրության մի մասը մեր ուսերի վրա ենք տարել:

Թող ներվի մեզ, որ մենք մեր մասին պիտի խոսենք։ Յուր մասին անդադար խոսում էր բազմարդյուն Նազարյանցը, որովհետև թշնամիները միշտ վատ էին խոսում։ Յուր մասին խոսել է և Գրիգոր Արծրունին, որովհետև խավարասերները, խաբեբաները միշտ հալածել են նրան, իսկ հայ հասարակությունը տակավին չէ ճանաչել յուր անկեղծ բարեկամին։ Մեր մասին էլ մենք պետք է խոսենք, մինչև կլռեն չար զոիլները, մինչև կպապանձվեն նեխած ճահիճների մեջ սնանվող զզվելի զեռունները, և կհայտնվեն անաչառ մարդիկ, որ ցույց կտան, թե ով ինչ է արել։ Քանի դեռ գործին հմուտ և արդարադատ անձինք հանձն չեն առնում քննադատել իրանց գործիչների արդյունքները, քանի դեռ ասպարեզը մնացել է վատերին և շառլատաններին, այդ դեպքում գործիչը ստիպված է, ոչ թե ինքնագովության համար, այլ գեթ ինքնապաշտպանության համար ցույց տալ, թե ինչ է արել ինքը: Մեր հասարակությունը սաստիկ մոռացկոտ է, պետք է միշտ հիշեցնել նրան։

Մեր գրական ասպարեզում գործել ենք` թե իբրև հրապարակախոս և թե իբրև վիպագիր։ Առաջինի մասին չենք խոսում, բավական է միայն բացել «Հյուսիսափայլի», «Մշակի», «Փորձի դամարները համոզվելու համար, թե ինչ ենք գրել։ Մենք մի փոքր հաշիվ կներկայացնենք միայն մեր վիպական վաստակների մասին։

Մեզանից առաջ դեռ ոչ մի վիպասան ուշադրություն չէր դարձրել մի մռայլ դասակարգի վրա, որ խավարի մեջ կեղեքում էր յուր զոհերին, և անհագ վամպիրի նման ծծում էր նրանց արյունը։ Դա էր հարստահարիչ վաճառականների և վաշխառուների հասարակությունը, որ ոսկու փայլով սնգուրել էր յուր դեմքը, և մեծ հարգանք էր վայելում։ Մենք պատառեցինք նրա ոսկեղեն դիմակը, մենք ցույց տվինք նրա այլանդակությունը, եթե գրեցինք «Ոսկի աքաղաղը», «Ուխտյալ միանձնուհթև» և «Անմեղ վաճառքը»: