Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղարկում իրանց նոր գրաված պարսկական նահանգների կառավարիչներին, որ համոզեն հայերին թողնել իրանց հայրենիքը և գաղթել Կասպից ծովեզերյա երկրների վրա, որպես էին Գիլանը և Մազանդարանը։ Որովհետև օսմանցոց Բ. Դռան հետ կապած դաշնագրի պատճառով կայսրը չէր կարող օգնել հայերին, քանի որ նրանք իրանց հայրենիքումը կմնան։ Դեռ դրանից առաջ Կասպից ծովեզերքի կառավարիչ գեներալ Մատյուշկինը հրաման էր ստացել, որքան կարելի է աննկատելի կերպով աշխատել մաքրելու Գիլանա և Մազանդարանը մահմեդականներից, հանդարտ կերպով ոչնչացնելով նրանց, որպեսզի հետո կարելի էինի նրանց տեղը լցնել հայ գաղթականներով։

Բայց Պետրոս Մեծի վաղահաս մահը (1725, 28 հունիսի) թողեց Ղարաբաղի հայերի գաղթականության խնդիրը անկատար։ Կայսրի մահից հետո ռուսաց գահի վրա նստեց նրա ամուսինը` Եկ ատերինա I, որի թագավորության ժամանակ հայերի վիճակը ավելի ծանրացավ։

Թեև Պետրոս Մեծը չկարողացավ իր կողմից օգնել հայերին մահմեդականների դեմ, այսուամենայնիվ, մեծ թագավորի մահվան բոթը հայերին սուգի մեջ դրեց։ Հայոց Եսայի և Ներսես կաթողիկոսները և Ղարաբաղի մելիքները Դերբենդից ուղարկեցին մի պատգամավորություն կայսրուհի Եկատերինա I մոտ, հայտնելու իրանց խորին ցավակցությունը։ Այդ պատգամավորության գլխավորներն էին Յուզբաշի Բաղին, Չելեբի քյոխվան և ուրիշ նշանավոր անձինք։ Նրանք միևնույն ժամանակ հայտնեցին, որ Սարի֊Մուստաֆա փաշան 40 հազար հոգով հարձակվեցավ Ղարաբաղի վրա և հայերը ութ օր հուսահատ կերպով պատերազմելով, հազիվ կարողացան հաղթել օսմանցիներին։ Պատգամավորները ավելացրին, թե դժվար կլինի հայերին երկար պաշտպանվել, եթե նրանց օգնություն չհասնի։

Կայսրուհին իր հրովարտակով (1726, 22 փետրվարի) բարեհաճեց արտահայտել իր ողորմածությունը և համակրությունը դեպի հայերը, իսկ ինչ որ գործին էր վերաբերում, գրվեցավ, որ Չելեբի քյոխվան բերանացի կհաղորդե։

Հայոց պատգամավորներին պատվիրված էր հաղորդել Ղարաբաղի ապստամբներին, որ նրանք հաստատ մնան իրանց ապստամբության շարժման մեջ, շարունակեն իրանց կռիվները մահմեդականների դեմ, շուտով նրանց օգնության կհասնեն վրաց Վախթանգ իշխանը և գեներալ Դոլգորուկի իշխանը։