Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ Հովհաննես կաթողիկոսը Մուղանի անապատում, շահի խնդրելով, Երասխ գետի ափի մոտ կատարեց սուրբ ծննդյան և կրթության տոնի հանդեսը, ներկա էին, բացի քրիստոնյաներից, մինչև երեք հարյուր պարսիկ ազնվականներ, Շեյխուլիսլամը, ղազին և այլ նշանավոր անձինք։ Բոլորի մեջ միայն Մելիք-Ավան-խանը արժանացավ այն պատվին, որ խաչը ջրից դուրս հանեց։

Ավելորդ չեմ համարում հիշել մի փոքրիկ դեպք, որը ինքնըստինքյան, թեև շատ ծաղրական է, բայց ցույց է տալիս, թե որ աստիճան հայոց այդ ավագը մտերիմ և բարեկամ էր Պարսկաստանի ահարկու թագավորին։

Նադիր-շահը սովորություն ուներ շուտ-շուտ ճաշել Մելիք-Ավան-խանի տանը, որի ճոխ սեղանը հռչակված էր, թե այնտեղ ամեն բարիք կարելի է գտնել։ Մի անգամ շահը կամենալով փոքր-ինչ ամաչացնել իր հյուրընկալին, պատվիրեց ճաշի համար թարմ սունկ պատրաստել։ Թեև ձմեռն էր, թեև տարվա այն ժամանակին Ղարաբաղի անտառներում թարմ սունկ գտնելը անկարելի բան էր, այսուամենայնիվ, Մելիք-Ավան-խանը ցույց տվեց. թե շահի փափագը կատարված կլինի։ ճաշի ժամանակ, երբ թագավորը պահանջեց ցանկացած կերակուրը, մելիքի սպասավորները դրեցին նրա առջև մի մատուցարան, լիքը դիզած ոսկիներով։ — Ես սունկ էի պատվիրել,— ասաց շահը։— Մենք առանց սունկի ևս կարող ենք կշտանալ, պատասխանեց մելիքը,— իսկ ձեր զինվորներին ոսկի է հարկավոր թշնամու հետ պատերազմելու համար։ Շահին խիստ հաճո թվեցավ մելիքի պատասխանը և ընդունեց ոսկիները։

Մելիք-Ավան-խանը հարգված էր և ռուսաց կառավարությունից։ Աննա Իվանովնա կայսրուհու թագավորության ժամանակ (1734) նա իր աստիճանավորներով գնաց Ռուսաստան, փառավոր ընդունելություն գտավ և արժանացավ կայսրուհու առանձին ուշադրությանը։ Պետրոս Մեծի պարսկական արշավանքների ժամանակ, իր ցույց տված նշանավոր ծառայությունների համար Մելիք-Ավան֊խանը ստացավ գեներալ-մայորի աստիճան և զանազան շքանշաններ։ Նրա ամբողջ սվիտային նույնպես աստիճաններ, շքանշաններ շնորհեցին և թոշակ նշանակեցին։

Հետո Ելիզավետա Պետրովնա կայսրուհու թագավորության ժամանակ, Մելիք-Ավան-խանը, արդեն ծերացած հասակում, կրրկին անգամ գնաց Ռուսաստան, իր ընտանքը իր հետ տանելով։ Ղարաբաղի երևելի տիրապետողը կրկին անգամ արժանացավ