Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գաղթեցրեց Խորասանի կողմերը, բնակեցնելով նրանց Սարխաս կոչված գավառում։ Ջուանշիրցիք, որպես հովվական կյանքով ապրող մի ժողովուրդ, իրանց գլխավոր պարապմունք էին ընտրել խաշնարածությունը և ավազակությունը։ Երկրի խաղաղությունը պահպանելու համար Նադիրը ավելի բարվոք համարեց այդ անհանգիստ, կիսավայրենի ցեղը հեռացնել դեպի Պարսկաստանի խորքերը։

Այդ ցեղի մի տոհմից, որ առանձին անունով կոչվում էր Սարիջալլու, առաջ եկավ Փանահ անունով մի մարդ, որը Պարսկաստան գաղթելուց հետո, շնորհ գտավ շահի դռանը և ստացավ մի աննշան պաշտոն։ Այդ պաշտոնի համար մի այլ արժանավորություն պետք չէր, բայց միայն ունենալ զորեղ ձայն և երկրի սովորության համեմատ, թագավորի հրամանները քաղաքի հրապարակում բարձր ձայնով հրատարակել։ Փանահը ուներ այդ արժանավորությունը և թագավորի դռան մունետիկը դարձավ, կոչվեցավ այնուհետև «ջառչի» Փանահ։ Երկար այդ պաշտոնը կատարում էր նա, բայց մի անկարգության համար, երբ պիտի գլխատման դատապարտվեր, Պարսկաստանից փախավ և կրկին եկավ իր հայրենիքը։ Որպես հանցավոր, նա անհայտ կերպով թափառում էր Ղարաբաղի անապատներում, աննշան, աստանդական կյանք էր վարում։

Հետո դիմեց նա Ջրաբերդի Մելիք-Ալլահ-ղուլի սուլթանին և նրա մոտ ապաստան գտավ։ Սուլթանը նշանակեց նրան իր գյուղերի վրա որպես դարուղա, այսինքն` տուրքեր հավաքող։ Թեև Պարսկաստանից մի քանի անդամ սաստիկ հրամաններ ստացվեցան, որ բռնեն Փանահին և ետ ուղարկեն, բայց նա պահպանվելով հայ սուլթանի պաշտպանության ներքո, ազատ մնաց։

Երբ Խորասանում, գիշերն իր վրանի մեջ քնած ժամանակ իր դրանիկների դավաճանությամբ, Նադիր-շահը սպանվեցավ հենց իր վրանի պահապանների ձեռքով (1747), այդ ժամանակ պարսից գահը ժառանգելու համար սարսափելի խռովություններ բարձրացան։ Զանազան տեղերում զանազան թագավորներ նստեցին նահանգներից շատերը ապստամբվեցան։ Մաշհադի մեջ թագավորեց նրա թոռը` Շահ-ռուխ կոչվածը. Ատրպատականում թագավորեց նրա եղբորորդի Ադիլ-շահը, որի եղբայրը` Միրզա Իբրահիմը հետո կուրացնելով հարազատ եղբորը, ինքը թագավոր դարձավ։ Այդ երկպառակությունների ժամանակ, երբ Պարսկաստանում շատ իշխողների պատճառով երկիրը անիշխանության մեջ