Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր գտնվում, Նադիրի Խորասան տարած ջուանշիրցի գաղթականները վերադարձան իրանց հայրենիքը Ղարաբաղի անապատները։

Այդ ժամանակ «ջառչի» Փանահը իրան ազատ զգաց. այլևս պատժվելու, գլխատվելու երկյուղ չուներ: Այդ մարդը, այդ հովի, անապատների պարզամիտ որդին, երկար տարիներ ապրելով պարսկական Բարձր Դռան ինտրիգների մեջ, սովորեց պարսիկների խորամանկությունը, վարժվեցավ նրանց խաբեությունների մեջ:

Նա արդեն Ջրաբերդի հզոր մելիքի` Ալլահ֊Ղուլի֊ սուլթանի ծառայության մեջ բավականին նշանակություն էր ստացել: Երբ լսեց Նադիր֊շահի մահը և իր ցեղակիցների վերադարձը Խորասանից, թողեց այդ ծառայությունը և մտավ ջուանշիրցի խաշնարածների մեջ, սկզբում նրանց նման կյանք էր վարում, որպես մի հասարակ հովիվ։ Բայց հետո սկսեց փոքր առ փոքր դեպի իր կողմը գրավել միամիտ խաշնարածներին, մինչև հաջողվեցավ նրան հրաժարեցնել տալ ցեղի նախկին տանուտերին (старшина) և իրան ընտրել տալ նրա տեղը։

Այդ չնչին պաշտոնը միայն մի առիթ էր, որով Փանահը կարոզացավ փոքր ժամանակում խաշնարածների մի քանի ցեղեր իր հրամանին ենթարկել։ Բայց նրա փառասիրությունը դրանով չհագեցավ։ Նադիրի մահից հետո, երբ նրա եղբոր որդի Ադիլ֊շահը Թավիզում թագավոր դարձավ, նա ուղարկեց դեպի Ղարաբաղի կողմերը Ամիր֊Ասլան֊խան անունով մեկին, տեղային խռովությունները խաղաղեցնելու համար։ Այդ ժամանակ պարսից շահերը այն անհաստատ դրության մեջ էին, որ մի օրվա համար ևս իրանց վիճակը ապահով չէին համարում։ Այդ պատճառով, շտապելով շուտափույթ օգուտ քաղել իրանց դիրքից, մի քանի թումանով վաճառում էին պաշտոններ, աստիճաններ, տիտղոսներ և այլն։ Ջառչի Փանահը նույնպես օգուտ քաղելով այդ հանգամանքից, հիշյալ Ամիր֊Ասլան֊խանի միջնորդությամբ ստացավ Ադիլջահի խանության տիտղոսը։

Բայց նա խելացի մարդ էր. նա մտածում էր ստեղծել մհ ավելի հիմնավոր իշխանություն, որի գլուխը, իհարկե, ինքը պետք է լիներ։ Իսկ այդ նպատակը իրագործելու համար շատ դժվարություններ կային. գլխավորը իր ցեղի կենցաղավարության պայմաններն էին։

Ջուանշիրցիները, որպես մի խաշնարած և թափառաշրջիկ ժողովուրդ, ձմեռը անց էին կացնում Կուր գետի աջ ափերի մոտ տարածված տափարակների վրա, բնակվելով շարժական

13 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. X