Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սկսեց Խաչենի մելիքություներից, որը մնացածներից ավելի մոտ էր Շուշի-բերդին: Այստեղ ամենահին ժամանակներից իշխում էին Հասան-Ջալալյան իշխաների ժառանգները: Դրանք դարերի ընթացքում այնքան բազմացել էին, որ Խաչեն գավառը ամենամանր կտորներով բաժանված էր այդ տոհմի ներկայացուցիչների ձեռքում, որոնք բնականաբար շատ հաշտ չէին կարող լինել միմյանց հետ: Փանահ-խանը մտածեց ստեղծել այստեղ մի նոր մելիքություն, նրանց բոլորին հետզհետե ոչնչացնելու նպատակով: Նրան զորավինգ եղավ ինքը Մելիք-Շահնազարը:

Մենք տեսանք, երբ Մելիք-Շահնազարը սպանեց իր եղբորը՝ Մելիք-Հովսեփին և բռնությամբ գրավեց Վարանդայի իշխանությունը, սպանվածի որդիներից մեկին դայակը փախցրեց Խաչեն գավառը և թաքցրեց իր քեռիների տանը: Մանուկի քեռին էր Հասան-Ջալալյանը իշխան Մելիք-Ալլահվերդին: Մտածելով որ մի ժամանակ այդ մանուկը կմեծանա և իր քեռիների օգնությամբ վրեժխնդիր կլինի իր հոր արյան համար և գուցե էտ կխլե հոր իշխանությունը,—Մելիք-Շահնազարը վճռեց ոչնչացնել թե մանուկին և թե նրա քեռիներին: Փառասեր մելիքը այդ ձեռնարկությանն մեջ իր առանձին հաշիվները ուներ, իսկ այդ հաշիվները նպաստավոր էին Փանահ-խանի համար այն կողմից, որ նա Խաչենի մելիքություների ոչնչացնելով այնտեղ կնշանակեր իր ցանկացած մարդուն և այսպիսով, մի ամբողջ գավառ իր ձեռքը կառներ: Մելիք-Ալլահվերդին բնակվում էր սեփական ամրոցում, որ իր պապերից մեկի անունով կոչվում էր Ուլու-պապի բերդ[1]: Նա հայտնի էր որպես քաջ և անպարտելի պատերազմող: Երբ Փանահ-խանը, միանալով Մելիք-Շահնազարի հետ, իրենց հայ և թուրք զորքերով արշավեցին նրա վրա, Մելիք-Ալլահվերդին այնպիսի մի սաստիկ ջարդ տվեց նրանց, որ երկու դաշանակիցները հազիվ կարողացան իրանց կյանքը ազատել, փախչելով և մտնելով Շուշի բերդը:

Այդ ժամանակ Փանահ-խանը, Մելիք-Շահնազարի խորհուրդով գաղտնի կերպով կանչեց իր մոտ Խնզիրիստան գյուղի տանուտեր Միրզախ-խանի, որը Մելիք-Ալլահվերդուց կարգված, նույն գյուղի կառավարիչն էր: Խանը առաջուց իմացած լինելով տանուտերի փառասիրական ձգտումները, խոստացավ նրան, եթե Մելիք-Ալլահվերդին:

  1. Ուլու-պապի բերդը գտնվում է Խչեն գետի մոտ, Քարամեջ կամ Օրխաչ գյուղում, Պտկեսի սուրբ Գևորգ անունով մատուրի մոտ: Այդ ամրոցին թուրքերը կոչում են Բալլու-Կայա