Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարաբաղի մելիքների մի հայրենասեր և եռանդոտ դաշնակիցը պակսեցավ: Նա կտակեց որդուն իր սուրբ պատյանի մեջ չդնել, մինչև Ղարաբաղը իսպառ մաքրված չլինի մահմեդականներից:

Նա թողեց երկու որդի. երեցը կոչվում էր Բեգլար, կրտսերը՝ Աբով: Հոր մահից հետո հաջորդեց Բեգլարը:

Դա Մելիք-Բեգլար II է, որը սաստիկ գոռոզ, քաջասիրտ և պատերազմասեր երիտասարդ էր: Նա դեռ հոր կենդանության ժամանակ մասնակցում էր նրա կռիվների մեջ և հայտնի էր իր զարմանալի հաղթություներով:

Բայց այդ անպարտելի տղամարդը, որ իր երիտասարդությունը անցուցել էր պատերազմների մեջ, երկար չվարեց իր երկրի իշխանությունը: Մի անգամ լեզգիների հետ ունեցած ճակատամարտում, որ տեղի ունեցավ Գանձակից ոչ այնքան հեռու, Գուրանի գետի ափին, նույն անունով գյուղի մոտ Մելիք-Բեգլարը հրացանի գնդակից սպանվեցավ:

Նրա մահվան մասին ավանդությունը ստեղծել է մի այսպիսի լեգենդա. թե այն րոպեում երբ մելիքը պատրստվում էր պատերազմ գնալու, նրա մայրը, բարեսիրը Հերիքնազը դուրս եկավ որդու առջև և արտասուքը աչքերում բռնեց նրա ձեռքից, աղաչում էր, որ իրեն հեռու պահե արյունահեղությունից, որ գոնե այս անգամ պատերազմ չգնա, որովհետև ինքը վատ երազ է տեսել… տխուր կասկածներ տանջում են նրա սիրտը… Խստասիրտ որդին մերժեց մոր աղաչանքը և ձեռքով մի կողմ հրելով նրան, ցած ձգեց և ձին նստելով գնաց: Բայց այլևս չվերադարձավ. մոր անեծքը պատժեց նրան…

Բայց Մելիք-Բեգլարի սպանման մեջ կար մի ամբողջ ռոման:

Մելիք-Բեգլարը ամուսնացած էր Վարանդայի Մելիք-Շահնազարի դստեր Ամարնանի (Մարիամի) հետ: Բացի օրինավոր կնոջից նա պահում էր մի սիրուհի Բալա անունով:

Մինչև այսօր, երբ ուղևորը անցնում է Գյուլիստանի Խարիխափուտ գյուղից և մտնում է նույն անունով գործի մեջ, ճանապարհի աջ կողմում ցույց են տալիս մի հին այգի: Անտառային ծառերը աճելով, խառնվել են պտղատու ծառերի հետ և այգու վաղեմի գեղեկցությունը ծածկվել է վայրենի մացառների տակ: Այդ տեղին կոչում են Մելիք-Բեգլարի այգի: Այստեղ հատկապես շինել տված գեղեցիկ ամառանոցում ապրում էր իշխանի սիրուհին: Ամառանոցի ավերակներն են մնացել այժմ:

Ամուսնի այդ տեսակ վարմունքը չէր կարող չգրգռել նրա