Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալլահվերդին, Գյուլ֊Յաթաղի Ռուստամ֊բեկը, խանի կողմնակիցները լինելով և միանգամայն հակառակ մյուս մելիքների ձգտումներին,_ այդ պատճառով դաշնակից մելիքները չէին հրավիրել նրանց մասնակցելու իրանց խորհրդի մեջ։

Խանի հարցմունքին, թե կարելի՞ է արդյոք սուրհանդակի տարած թղթերը մի հնարքով ձեռք բերել, դավաճանը պատասխանեց, թե սուրհանդակը ներկայանալու է Գանձակում Իսրայել կաթողիկոսին, որ նրանից ևս թղթեր առնե ու հետո գնա. բավական է ձեզ հայտնել Իսրայել կաթողիկոսին, նա իսկույն կկալանավորե բոլոր թղթերը։

Իսրայելը վերջին ժամանակներում, թաքցնելով իր հին թշնամությունը, որ ուներ Հովհաննես կաթողիկոսի դեմ, առերես ցույց էր տալիս, թե նրա հետ համամիտ և համակամ է այն բոլոր խորհուրդների մեջ, որ պիտի կատարվեին հայրենիքի փրկության համար։ Նա Գանձասարի վանքում խաչի և ավետարանի վրա հանդիսավոր կերպով երդում տվող եկեղեցականներից մեկն էր, որոնք ուխտեցին հավատարիմ մնալ հայրենիքի ազատության գործին։ Բայց միևնույն ժամանակ այդ չարագործը շատ անգամ գաղտնի կերպով դիմել էր Իբրահիմ֊խանին, հայտնելով նրան, որ եթե Հովհաննես կաթողիկոսին կհեռացնե և Գանձասարի վանքի կաթողիկոսական աթոռը իրան կտա, ինքը խոստանում է հավատարիմ լինել խանին։

Խանը այժմ հարմար առիթ գտավ փորձելու նրա հավատարմությունը։ Գանձակի Զավադ֊խանը իր հետ թշնամական հարաբերությունների մեջ լինելով, ինքը չէր կարող մարդ ուղարկել սուրհանդակին կալանավորելու համար։ Նա մի նամակ գրեց Իսրայել կաթողիկոսին, հայտնելով, թե նրա մոտ գալու է մի թղթատար` մուրացկանի հագուստով, որի ձեռքի գավազանի մեջ թաքցրած կան կասկածավոր թղթեր, եթե այդ թղթերը կկալանավորե և իրան կուղարկե, ինքը խոստանում է ամեն միջոցներով օգնել նրան, որ գրավե Գանձասարի կաթողիկոսական աթոռը։ Նամակը ուղարկվեցավ միևնույն դավաճանի՝ Հասան-Ջալալյան Ալլահ-Ղուլօ-բեկի ձեռքով։

Թեև Իսրայել կաթողիկոսը շատ լավ գիտեր, որ խանի կամքը կատարելով, որպիսի սարսափելի վտանգի պիտի ենթարկեր հայոց մելիքներին և Հովհաննես կաթողիկոսին, թեև նա կարող էր հասկանալ, որ իր մատնությունով պիտի սպաներ հայրենիքի ազատության գործը, այսուամենայնիվ, իր փառքի և