|
Որովհետև Աղա-Մամադ-խանը իր հաղթությունով առավել պարտական էր Մելիք-Մեջլումին, ճանապարհին, հենց առաջին իջևանում, հրամայեց իր զորապետներին, որ ավարից նրա մարտիկների համար բաժին հանեն, ասելով, «քրիստոնյային պատկանածը քրիստոնյային տվեցեք»։ Մելիք-Մեջլումի ձիավորները իրանց յափունջիները տարածեցին գետնի վրա և պարսից զորքերը որքան խաչեր, եկեղեցական անոթներ և զգեստներ կողոպտել էին Թիֆլիսի եկեղեցիներից, բոլոր թափեցին նրանց յափունջիների վրա։ Մելիք-Մեջլումը այս բոլորը հետ ուղարկեց Թիֆլիս, բայց դրանով չկարողացավ գրավել թիֆլիսեցիների սիրտը…
Շահը շնորհեց Մելիք-Մեջլումին այդ երեք արտոնությունները. 1. երբ և կամենա, կարող է անարգել կերպով ել և մուտ գործել իր մոտ. 2. ինչ որ խնդրելու լինի, նրա կամքը կկատարվի. 3. արքունի գանձարանը նրա տրամադրության ներքո կլինի։
Բայց Մելիք-Մեջլումն այն աստիճան հպարտ և անշահասեր երիտասարդ էր, որ շահից ուրիշ ոչինչ չպահանջեց, միայն Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո, խնդրեց նրա օգնությունը Շուշի բերդը նույնպես կործանել, Իբրահիմ-խանին ոչնչացնել և ավելի հաստատություն տալ Ղարաբաղի մելիքների իշխանությանը։
Շահը հոժարվեցավ ուղղակի գնալ Ղարաբաղ, Շուշին գրավելու, և Մելիք-Մեջլումի ցանկությունները կատարելու համար։ Բայց դժբախտաբար այդ միջոցներում Ղանդահարի և Հերաթի կողմերում խռովություններ ծագեցան, և նա ստիպվեցավ շտապել դեպի Պարսկաստան ապստամբությունները զսպելու համար։ Նա հանձնեց Ջավադ-խանին և Մելիք-Մեջլումին սպասել, խոստանալով, որ շուտով կվերադառնա։
Ջավադ-խանը Մելիք-Մեջլումի հետ գնացին Գանձակ, իսկ շահը ուրիշ ճանապարհով դիմեց դեպի Պարսկաստան։
Թիֆլիսը ավերակ դառնալուց 25 օրից հետո, Հերակլը մտավ մոխիր դարձած քաղաքը։