Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր դառնում։ Թշնամին սկսեց ավարի առնել, ավերակ դարձնել Գանձակի շրջակա գյուղերը։

Կռիվների մեջ առանձին հերոսությամբ հանդիսացան Մելիք-Մեջլումի երկու քաջերը Դալի֊Մահրասան (Ավագ վարդապետը) և Թյուլի֊Արզումանը. առաջինը լեզգիների դեմ, իսկ երկրորդը վրացիների դեմ։ Այդ երկուսը իրանց խումբերով շատ անգամ դուրս էին գալիս պաշարված բերդից և կայծակի նման նետվելով թշնամու բանակի վրա, սարսափելի կոտորածներ գործելով, հետ էին դառնում: Բայց երկու քաջերն ևս իրանց հանդուգն հարձակումների զոհը դարձան. Թյուլի-Արզումանը գնդակի հարվածք ստացավ Գանձակի այգեստանի մեջ տեղի ունեցած կռվում, իսկ Դալի-Մահրասան, որպես նկարագրեցինք XII գլխում, սպանվեցավ Գանձակի գերեզմանատան մեջ։ Այդ քաջերի կորուստը Մելիք-Մեջլումին սաստիկ ցավ պատճառեց։

Երեք ամիս անցավ, բայց բերդը դեռ աներկյուղ պաշտպանվում էր։ Այդ միջոցներում մի ծերունի, որ չնայած գլխի ալևոր մազերին դեռ պահպանել էր մարմնի ժրությունը և սրտի աշխույժը, թշնամու բանակից բաժանվելով, աննկատելի կերպով մտավ բերդի մեջ։ Նա մոտեցավ այն աշտարակներից մեկին, որ գտնվում էին հայերի պաշտպանության ներքո։ Այդ ծերունու ներկայությունը, կարծես, մի դյութական զորությամբ ազդեց աշտարակի հայ պահակների վրա, որոնց թիվը մի քանի հարյուր հոգի էր, և գիշերը բոլորն էլ ապստամբվեցան, աշխատում էին բաց անել թշնամու առջև բերդի դռները։ Մելիք-Մեջլումը այդ լսելով թողեց իր բռնաց դիրքը շտապեց զսպելու ապստամբությունը։ Գիշերային խռովության մեջ նա գնդակի հարվածք ստացավ. նրան վիրավորված տարան Ջավադ-խանի պալատը։ Ծերունին բռնվեցավ:

Ո՞վ էր այդ չարագործը։

Դա Իսրայել կաթողիկոսի հայր Ապրես-աղան էր։ Նորա օծյալ որդին դավաճանություն գործեց Ղարաբաղի բոլոր հայ մելիքների դեմ, և նրանց թղթերը բռնելով, մատնեց Իբրահիմ֊խանին, և Ղարաբաղի կործանման պատճառը դարձավ։ Այժմ ծերունի հայրը նույն եղեռնագործության դերը կատարեց։ Նրա փեսան[1], Մելիք-Ռուստամը, թշնամու բանակի մեջն էր, կամեցավ նրան և Իբրահիմ-խանին մի մեծ ծառայություն անել։

Նույն գիշերվա առավոտյան պահուն Ջավադ֊խանը

  1. Ապրես֊աղայի աղջիկը, Վարդ-խաթունը, Մելիք-Ռուստամի կինն էր