Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վրաց իշխանազն Ալեքսանդրը լավ ծանոթ էր Ռոստոմ-բեկի հետ, ճանաչում էր և նրա հորը` Մելիք-Աբովին, որը, ինչպես ցույց տվինք նախընթաց գլխում, մերժեց Ալեքսանդրի առաջարկությունները, երբ նա խնդրում էր միանալ իր հետ, ռուսների հակառակ գործելու համար։ Այժմ համառ մելիքի ավելի ևս համառ որդին, առաջնորդելով ռուսաց զինվորներին, ընկավ թշնամու ձեռքը։ Ալեքսանդրը կամեցավ հոր վրեժը առնել որդուց։ Եվ առաջուց տեղյակ լինելով, թե պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան ո՛ր աստիճան ատելություն ունի դեպի Ղարաբաղի մելիքները, որոնք Աղա-Մամադ-խանի սպանման պատճառը դարձան Շուշի բերդում,— այդ մտածությամբ, իբրև մի լավ առարկա Աբաս֊Միրզայի վրեժխնդրությանը բավականություն տալու,— Ալեքսանդրը ուղարկեց Ռսստոմ-բեկին Աբաս-Միրզայի մոտ։

Պարսից թագաժառանգը իսկույն սպանել չտվեց նրան, այլ շղթայակապ ուղարկեց Թավրիզ, հրամայելով, որ այնտեղ բանտարկեն և խնամք տանեն նրա վերքերը բժշկելու համար։ Այդ հերոսը երեք ամիս բանտարկված մնաց Թավրիզում։ Միևնույն բանտում կալանավորված էր այդ ժամանակ էջմիածնի ռուսաց կուսակից Դանիել կաթողիկոսը։ Այդ վերջինը հետո Թավրիզից Օհանես-աղայի երաշխավորությամբ ազատվեցավ։ Բայց Ռոստոմ֊բեկը մնաց բանտում այնքան ժամանակ, մինչև Աբաս-Միրզան ռուսներից հաղթված և բարկացած վերադարձավ Թավրիզ։ Նա իսկույն տվեց քաջին դահիճների ձեռքը և հրամայեց գլխատել նրան։ Թավրիզի հայերը մեծ սուգով նրա մարմինը թաղեցին իրանց եկեղեցու բակում գտնված գերեզմանատնում, և սովորեցրին իրանց զավակներին երգել մի երգ, որը ինքը երիտասարդը գրել էր բանտում եղած ժամանակ։ Երևում է, Ղարաբաղի հերոսը որքան հաջողակ էր զենք գործ ածելու մեջ, հմուտ էր և բանաստեղծության մեջ։ Այժմ այդ երգը բոլորովին մոռացված է։ Վաղեմի տխուր հիշողությունները կրկին զարթեցնելու համար մենք կդնենք նրա ամբողջ օրինակը.

Մունետիկն ի ձայն բարձր աղաղակէ,
Ժանտ դահիճն սուր ի ձեռին անյագ սրէ,
Վազեր հանգոյն զիմ կենաց թել կտրել խնդրէ,
Ի կախաղան և կամ ի սպանդ,— ո՞ւր զիս տանէ:
Քաղաքս համայն մահմեդական, աստ խուռն գան, զիմ մահ սգան,