Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՛րքան մեծ է եղել իմ ծառայությունը իմ ամենաողորմած թագավորին,— այդ մասին դեռ չգիտե բարձր կառավարությունը։ Այլևս ի՞նչ է մնում ինձ անել։ Ունեի ես անդրանիկ որդի — Ռոստոմ-բեկը, իմ ծերության զավակը և իմ նախնյաց ժառանգը, և նրան ևս զոհ բերեցի իմ ամենաողորմած և ինքնակալ կայսրին… Ինչ որ ես գործել եմ և ինչ որ այժմ կատարում եմ, դրանից ավելին ոչ ոք կարող չէ անել։

Ես ունեմ մի կաթիլ արյուն, և այն ամեն րոպե պատրաստ է թափվելու իմ թագավորի անվան համար։ Դրանից ավելի էլ ի՞նչ կարող եմ անել ես։

Իսկապես երևում է մի բան միայն, այն է, որ ես հայ եմ, և այդ պատճառով բոլոր գլխավոր հրամանատարները և զորավարները չարանում են ինձ վրա, իմ կատարած հաղթությունների և քաջագործությունների համար։ Իմ գործողությունների մասին նրանք չեն կամենում տեղեկություններ տալ ուր որ հարկն է, որովհետև ցանկանում են, որ ես հուսահատվեմ և տխրությունից մեռնեմ անհայտության մեջ։ Աստուծո օգնությամբը այդ չի լինի։ Մինչև գերեզման չմտնեմ, տխրությունը և հուսահատությունը չեն կարող վհատեցնել ինձ։ Ընդհակառակն, ես և այսուհետև նպատակ ունեմ կատարելու այնպիսի հաղթություններ, որ զարմացնեին բոլորին։ Իսկ գերեզման կմտնեմ իմ քաջագործությունների և արիությունների ժամանակ- երբեք չեմ մեռնի տկարների ու հիվանդների նման, որոնք հոգի են տալիս անկողնի մեջ»։

Հետո մի առ մի թվելով իր կատարած ծառայությունները Ռուսաստանին, ծերունի հերոսը ավելացնում է։

«Ես շատ անգամ խնդրել եմ կոմսին (Գուդովիչին), որ թույլ տա մեզ, Մելիք-Ջումշուդի նման տեղափոխվել մեր հայրենիքը՝ Ղարաբաղ։ Բայց նա չհոժարվեցավ, պատասխանելով, որ եթե մենք թողնելու լինենք այդ երկիրը (Վրաստանը), այն ժամանակ Բոլնիսը կոչնչանա, իսկ ախալցխացիները, լեզդիները և այլ վայրենիներն ու ավազակները կոչնչացնեն Բիֆլիսի շրջակա գյուղերը։ Բայց երբ որ մենք ասում ենք. որովհետև Հերակլ թագավորը շնորհել է մեզ Բոլնիսը իր բոլոր հողերով, ջրերով, անտառներով և այլ պատկանելիքներով,— ուրեմն խնդրում ենք ձեզ, որ այդ հաստատեք մեր անունով։ Այն ժամանակ կոմսր մեր պահանջներին պատասխանում է, ասելով, ես չեմ կարող ուրիշների կալվածները տալ ձեզ, և դրա նման խոսքեր։ Ես չեմ կամենում ձանձրացնել ձեզ բոլոր մանրամասնություններով»։