Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր դիտավորությունը հայտնելու իր ծնողներին, ծածուկ հեռացավ հայրենի տնից: Մի ժամանակ իմացան, որ Վանին Ջրաբերթի Մելիք-Րովշանի մոտ ծառայության է մտել, նրա հեծելազորքի խումբերից մեկի գլխավորն է դարձել և կոչվում է Վանի յուզբաշի (հարույապետ Վանի):

1804 թվին Ջրաբերդի բնակիչներից 300 ընտանիք Իբրահիմ խանի գազանությունից ազատվելու համար, գաղթեցին Գանձակ և բնակվեցան այդ քաղաքի շրջակայքում: Տոթի և անսովոր կլիմայի պատճառով նույն տարվա ամառը այդ գաղթականներից մոտ 500 հոգի մեռան, մնացածները փախան Գանձակի գավառի Ոսկանապատ գյուղը, ուր օդը համեմատաբար ավելի հովասուն էր:Այդ գաղթանքների հետ գտնվում էր և Վանի յուզբաշին: Գանձակում նա ծանոթացավ պոլկովնիկ Կարյագինի հետ այդ ժամանակ, երբ Կարյագինին հրամայված էր Շուշի բերդին օգնության հասնել: Դա այն ժամանակ էր (1806), երբ պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան բազմաթիվ զորքերով պաշարել էր Շուշի բերդը, երբ տեղային Իբրահիմ-խանը, թև ռուսաց կառավարությանը հպատակության երդում էր տվել, բայց հենց որ Աբաս-Միրզայի զորքերը մոտեցան Շուշի բերդին, նա իր ընտանիքով դիմեց ռուսաց նենգավոր թշնամու՝ Աբաս-Միրզայի բանակը և կես ճանապարհի վրա սպանվեցավ Մելիք-Ջումշուդի և մայոր Լիսանևիչի ձեռքով (տե՛ս գլ. XXXIX): Բայց Շուշին դարձյալ պաշարված մնաց Աբաս-Միրզայի բազմաթիվ զորքերով: Մայոր Լիսանևիչը և Մելիք-Ջումշուդը, փակված բերդի մեջ, ունեին իրանց ձեռքի տակ խիստ աննշան թվով զինվորներ թշնամուն ընդդիմադրելու համար: Նրանց գլխավորապես օգնում էին բերդի մեջ բնակվող հայերը և դրսից օգնություն էին սպասում:

Օգնությունը պիտի հասցներ պոլկովնիկ Կարյագինը, որը արդեն Գանձակից ճանապարհ էր ընկել և հայ հեծելախմբով նրան առաջնորդում էր Վանի յուզբաշին: Ռուսաց զորախումբը բաղկացած էր 600 զինվորներիչց և ունեին 2 թնդանթներ միայն: Նրանք Գարգար գետի մոտ հանդիպեցի պարսից առաջապահ զորքերին, թվով ավելի քան 10,000, որ գտնվում էին Փիր-Ղուլի-խանի հրամանատարության ներքո: Կռիվը սկսվեցավ հիշյալ գետի ափերի մոտ: Չնայելով, որ թշնամու զորքը թվով անհամեմատ ավելի էր, քան թե ռուսաց զինվորները և Վանի յուզբաշու հեծելախումբը, այնումենայնիվ, պարսիկները սկզբում սարսափելի կերպով ջարդվեցան, և իրանց թնդանոթները և այլ ռազմամթերքը