Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխված լինելով Նուխվա գավառը,— Ջրաբերդը մնացել էր առանց մելիքների կառավարության։ Իր արժանավորություններով Ջրաբերդը կառավարելու և այդ գավառը ժամանակի փոթորիկներից պահպանելու համար ընդունակ էր միայն Մելիք-Վանին, և նա ստացավ Մեհտի֊խանից ամբողջ Ջրաբերդի մելիքությունը։

Մելիք-Վանին իր պատերազմական արժանավորությունների հետ ուներ և կառավարչական ընդունակություններ։ Նա ամբողջ 42 տարի խաղաղությամբ վարեց Ջրաբերդի մելիքության պաշտոնը, աշխատեց այդ երկրի ցրված բնակիչներին հետզհետե վերադարձնել իրանց հայրենիքը և ծաղկացրեց երկրագործությունը ու արհեստը։ Նա վախճանվեցավ խորին ծերության մեջ (1854) և նրանից հետո Աթաբեկյանների տոհմը ավելի և ավելի նշանակություն ստացավ Ղարաբաղում[1]:

XLII

1808 թվին վախճանվեցավ Ղարաբաղի Իսրայել կաթողիկոսը: Դա այն չարագործն էր, որ մատնեց հայոց մելիքներին, որ Հովհաննես կաթողիկոսին սպանել տվեց և իր դավաճանությամբ Իբրահիմ֊խանի սիրելին դարձավ (տե՛ս գլ. XX և XXI)։

Մեզ հայտնի է, որ նույն չարագործից հալածվելով, Հովհաննես կաթողիկոսի եղբայր Հասան-Ջալալյան Սարգիս կաթողիկոսը, Ղարաբաղի գաղթականների հետ ապրում էր Վրաստանի Հաղպատա վանքում։ Այնտեղ մնաց նա ամբողջ 14 տարի (տե՛ս գլ. XXXVII)։

Երբ Սարգիս կաթողիկոսը լսեց իր ոխերիմ հակառակորդի՝ Իսրայել կաթողիկոսի մահը, երբ իմացավ, որ Իբրահիմ ֊խանը, հայերի անհաշտ թշնամին, սպանված է, և երբ տեսավ, որ հայոց մելիքները իրանց հպատակների հետ Վրաստանից տեղափոխվեցան Ղարաբաղ, ինքն ևս մտածեց վերադառնալ Գանձասարի վանքը, և կրկին տիրանալ Աղվանից կաթողիկոսության աթոռին, որից բավական ժամանակ անջատված էր։

Նախ ուղարկեց նա իր եղբորորդի Բաղդասար վարդապետին, որ հետո ինքը գնա։

  1. Մելիք֊Վանին թողեց չորս որդի՝ Հովսեփ֊բեկ, Սարգիս-բեկ, Աթաբեկ (պոլկովնիկ) և Միքայել֊բեկ։ Իսկ Մելիր֊Վանիի եղբայր Հակոբ-յուզբաշին ուներ մի որդի միայն՝ Ասլան֊ բեկը, դրանից ծնվեցան՝ Ներսես֊բեկ, Մովսես-բեկ և Նիկոլա-բեկ