Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այսպես, էջմիածնի մատենադարանում իմ նպատակներին համապատասխանող ոչինչ չգտա: Ես հույս ունեի գոնե արխիվում գտնել զանազան պաշտոնական թղթեր, որոնք կծառայեին իբրև նյութ պատմության համար: Բայց իմ բարեկամ եկիսկոպոսներից երեքը, որոնք լավ գիտեին, թե Էջմիածնի արխիվում ինչ է մնացել, հայտնեցին թե իզուր կանցներ իմ աշխատանքը, որովհետև ոչինչ գտնել չէր կարող: Ես չզարմացա և հավատացի: Մի վանքում, որ մի կաթողիկոս իր նախորդների հիշատակը ոչնչացնելու համար փութերով այրել է տալիս նրանց ժամանակներից մնացած պաշտոնական թղթեր,——այլևս ի՞նչ կարելի է գտնել արխիվում: Իսկ այդ բարբարոսությունը կատարվել է մի քանի կաթողիկոսների փոխվելու ժամանակներում:

Հայտնի է, որ ռուսաց կառավարությունը մի ժամանակ արտոնություն է տված Էջմիածնի կաթողիկոսներին քննելու զանազան ազնվական տոհմերի ծագումը. և կաթողիկոսները, եթե իրավանցի էին գտնում նրանց ազնվականությունը, շնորհված կոնդակները ընդունվում էին իբրև հաստատ վկայականներ: Երբ կաթողիկոսները այդ տեսակ վկայականններ էին տալիս, հարկավ, քննության գործերը պետք է մնային Էջմիածնի դիվանում: Իսկ այդ գործերը այժմ կարող էին պատմության նյութ տալ, եթե պահված լինեին:

Ինչևիցե, մի այնպիսի ձեռնարկություն, որպիսին է հավաքել և կազմելը Անդրկովկասի նախքան ռուսաց տիրապետությունը եղած մելիքների, տիրապետող իշխանների և զանազան նշանավորը անձինքների պատմությունը, — դա մի մարդու գործ չէ. դա մի ամբողջ խմբի և մի ընկերության գործ է: Բայց որովհետև մեզանում եսականությունը այն աստիճան տիրած է, որ խմբեր չեն կազմում, իսկ ընկերություներից մի օրինավոր բան սպասելը հիմարություն կլիներ, այդ տխուր երևույթները ի նկատի առնելով, ավելի նպատակահարմար կլիներ, միջոցները տալ մասնավոր, ձեռնահաս անձիքներին գործելու: Եվ փորձը մեր բոլոր ազգային հիմնարկություների մեջ ցույց է տալիս, որ մասնավոր անձինք ավելի գործ են կատարում, քան թե ամբողջ ընկերություններ:

Խամսայի մելիքությունների պատմությունը գրելով, ես կամեցա ցույց տալ, որ մենք ունենք մի պատմություն, որ արդեն սկսել է մոռացվել, կորչել, անհետանալ,—և իմ ծանոթներին անդադար խոսում էին, թե հարկավոր է այդ պատմությունը ժամանակի հոսանքից ազատել, քանի որ դեռ ավանդությունները թարմ են,