Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շիրազի, Բակտրիայի, Լոռիստանի, Շուշթերի և Դասֆուլի փոխարքայության պաշտոնները[1]։

Այլևս չեմ հիշում Յուսուֆ խան «ըսփանդիար»—ին (մարզպան), որ Արաղստանի կուսակալն էր և Զոհրապ խան «խազենադար—շահրիար»—ին, որ Ֆաթալի—շահի փեսան և նրա պետական գանձարանի կառավարիչն էր։ Չեմ հիշում և մի քանի տասնյակ այլ հայերի անուններ, որ մեծամեծ պաշտոններ էին վարում և զանազան տիտղոսներ էին կրում,—բայց կհիշեմ մեկին, որ Ամիր դիվարխանա տիտղոսն էր կրում, որ նշանակում է` պետական դիվանի գլխավոր կամ պետը։ Դա էր Աղա—Բահրամ ներքինին, որ մահմեդականացած հայ էր։ Ահա դա էր «շահական դիվանի» գլխավորը[2] և ոչ թե երևակայական Ապրես Բեկնազարյանը, որին Մակար վարդապետը զոռով մտցրել է շահի դիվանի մեջ, որպեսզի այնտեղից «Գաղտնիք»—ի համար գաղտնիքներ ժողովե…

Թե հայր և թե որդի Բեկնազարյանները այն աստիճան տգետ են Պարսկաստանի վերաբերությամբ և այն աստիճանի անծանոթ են իրենց ժամանակի անցքերի և անձիքների հետ, որ իրանք իրանց մատնում են, որ այդ մարզիկը Պարսկաստանը բնավ չեն տեսել:

Բեկնազարյանները հիշեցնում են այն հայտնի ստախոսին հիացած պատմում է յուր բարեկամին, թե որպիսի զարմանալի մժղուկներ, փոքրիկ պողոճներ և թիթեռներ տեսավ մուզեոնում։ Իսկ երբ բարեկամը նրանից հարցրեց, դու տեսար այնտեղ փղին։ Նա պատասխանեց—«մի՞թե նա այնտեղ էր»:

Բեկնազարյանները նույնպես մժղուկներին տեսնում են Պարսկաստանում, իսկ այն հսկա հայ փղերին, որ իրենց հզոր ուսերի վրա էին տանում Պարսկաստանի կառավարության ծանրությունները,—դրանց չեն տեսնում։

Նրանք գիտեն, որ Աղա—Մամադ—շահի կանանոցում երկու վրացի աղախիններ կային, մեկի անունը Էլիզա էր, մյուսինը` Թամարա (եր. 230)։ Նրանք գիտեն, որ Աբաս Միրզան մի վրաց լրտես ուներ, անունը Սուլին էր, գիտեն, որ այդ Սուլին կրոնը փոխել էր «Քյապա ուխտի էր գնացած և Քեալպալայի Հայտար է»

  1. «Խամսայի մելիքություններ», եր. 353: «Պատմություն Նոր Ջուղայիս», հատ. Ա, եր. 446:
  2. «Խամսայի մելիքություններ», եր. 349: