Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զարմանում էինք մի ռուս օրիորդի վրա, հափշտակված էինք նրա համարձակ և պարզ դասախոսությունով, իսկ այժմ մենք մի հայ կին ենք տեսնում նույն իսկ դրության մեջ… Հարկավոր էր, այո՛, հարկավոր էր ամեն մի հային տեսնել, թե որչափ ոգևորված որչա՞փ համակրելի կարող է լինել հայ կինը ամբիոնի վրա…

Այժմ մենք մի փոքր կկանգնենք հարգելի տիկնոջ խոսքերի վրա: Ատենախոսը հիշելով կանանց խմբի երկամյա պարապմունքները, ասեց, որ այդ խումբը չէ խնայել իր նյութական միջոցները և այժմ մոտավորապես 800 ռուբլի փող ունի մանկականպարտեզը սկզբում պահպանելու համար։

Հետո պատվելի տիկինը սկսեց բացատրել մանկական կամ մանկանց պարտեզի նշանակությունը ու կարևորությունը, մանավանդ մեզ հայերիս համար, որոնց մեջ բոլորովին զարգացած չէ ոչ հասարակական և ոչ ընտանեկան կյանքը. մանկական պարտեզների նշանակությունը ցույց տալու համար, տիկնոջը հարկավորվեց դիմել մանկական պարտեզի պատմությանը, ուրեմն և՛ Ֆրեոբելին և՛ Դիստերվեգին։ Մենք այստեղ բոլորովին անտեղի ենք համարում կրկնել այն բոլորը, ինչ խոսեց դրա մասին ատենախոսը, միայն չենք կարող չնկատել, որ թեև տիկնոջ դիտավորությունը` բացատրել երեխաների ներկա գտնվող անկիրթ ծնողներին, թե ինչ բան է այն մանկական պարտեզը, որի մեջ պետք է դաստիարակվեն նրանց որդիքը, որի մեջ չեն սկսի այբուբենը» և այլն, թեև տիկնոջ այդ դիտավորությունը, ասում ենք, վերին աստիճանի համակրելի էր, բայց դժբախտաբար պետք է խոստովանենք, որ հարգելի տիկինը հազիվ թե կարողացավ հասնել իր գեղեցիկ նպատակին, որով այն անկիրթ ծնողների համար մեծ մասամբ անօգուտ անցան նրա բացատրությունները Ֆրեոբելի մեթոդի վերաբերությամբ, իսկ հասարակության մյուս մասի համար մի նոր բան չէր կարող լինել այդ հարցի վրա խոսածը:

Մենք չենք կարող մեր զարմանքը չհայտնել այն բանի մասին, որ տիկինը ուզում էր հավատացնել, իբր թե Հայաստանի խորքերում մենք հանդիպում ենք մի տեսակ հաստատությունների, որոնք հիշեցնում են Ֆրեոբելյան մանկական պարտեզները և գիտեք, ընթերցող, այդ ինչ հաստատություններ են, հարգելի տիկնոջ խոսքը «վարպետների» ընտանեկան ուսումնարանների մասին էր, «վարպետների», որոնք, ինչպես ժողովուրդ ասում է» և որոնք պարապում էին ու մինչև այժմ էլ շատ տեղեր պարապում են երեխաների հետ ասեղնագործությամբ և այլն, և