Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար. ատենախոս տիկինը շնորհակալություն հայտնեց նույնպես իր ընկերակիցներից մինին` օր Գայանե Հովհաննիսյանին, որ հանձն է առել վարել տեսչուհու պաշտոնը։

Մոռացանք իր տեղ հիշել, որ տիկինը ակնարկեց և նրա վրա, որ թեև Թիֆլիսում հիմնվեցավ Կանանց բարեգործական ընկերությունը, որի նպատակն է հիմնել նոր ուսումնարաններ և բարեկարգել հիները, այսինքն` որի նպատակը մի կողմից մասամբ նմանվում է Ֆրեոբելյան խմբի նպատակին, բայց այնուամենայնիվ Ֆրեոբելյան խումբը և Կանանց բարեգործական ընկերությունը ոչ թե կարող են խանգարել իրար, այլ միմյանց օգնելով, միմյանց ձեռք մեկնելով, միմյանց կլրացնեն և կանանց ընկերության առաջին քայլը գուցե չինի նորաբաց մանկական պարտեզին օգնություն հասցնելը, որի վրա հրավիրեց հիշյալ ընկերության վարչության նախագահի և անդամների ուշադրությունյունը։

Տիկինը ի միջի այլոց հիշեց և այն հանգամանքը, որ հիշյալ մանկական պարտեզը, իբրև փոքրիշատե կանոնավորված հիմնարկություն, կարող է օգուտ բերել և այն գավառական ուսուցիչներին, որոնք ապագա ուսուցչական ժողովի պատճառով կհավաքվին այս ամառը Թիֆլիսում և որոնք կցանկանան գաղափար ստանալ մանկական պարտեզների վրա։

Մի իրավացի նկատողություն, որի վրա չենք կարող չհրավիրել մեր բոլոր ուսուցիչների ուշադրությունը։ Հասարակությունը բուռն ծափահարությամբ վարձատրեց պատվելի ատենաբանի խոսքերը։

Այնուհետև բացվեց ստորագրություն հօգուտ մանկական պարտիզի։

Այսպես վերջացավ այդ մանկավարժական հանդեսը — հայկական առաջին մանկական պարտեզի բացումն, եթե չհաշվենք տիկ Բաբայանի մասնավոր պարտեզը, որ միայն հարուստների որդկերանց համար կարող է լինել:

Հայոց եկեղեցուն կից բացվեց առաջին կրթարանը, որի նպատակն է փոքրիկ 4 — 5 տարեկան հայոց մանուկներին խոսեցնել իրանց մոռացած մայրենի լեզվով, կրթել ազգային հոգվով։

Այդ օրը մի տոնախմբություն էր հայերիս համար, մի տոնախմբություն էր Ֆրեոբելյան խմբի համար… Այդ օրը Ֆրեոբելի ուրվականը շրջում էր հայոց մանուկների մեջ և իր ձեռքը քսելով նրանց փոքրիկ գլխներին, քաջալերելով ասում էր. «Ձեր կրթության ճանապարհը գտած է. միք վախենա այսուհետև»։