Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ որովհետև ինձ շատ դժվար էր միևնույն ժամանակ տպագրել թե «Կայծերը» և թե «Դավիթ Բեկի» վերջին հատորը, այդ պատճառով ստիպվեցա «Դավիթ Բեկի» շարունակությունը առ ժամանակ ընդհատել «Մշակի» մեջ, մինչև «Կայծերի» լույս տեսնելը։

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐԻՆ

«Մեղուի» № 7 առաջնորդող հոդվածի մեջ պ. Սպանդարյանը, կամենալով ցույց տալ, որ «Մշակը» ոչ միայն հակառակ է եղել «Մեղուի» հոբելյանի կատարվելուն, այլև «մինչև անգամ աշխատել է խափանել նրան»— ի թիվս ավելացնում է.

«Մշակը» մոռացավ, որ պպ. Բարխուդարյանի, Պռոշյանի, Րաֆֆիի, Աղայանի և ուրիշների հոբելյանները առաջարկելով ակամա մեծացնում է «Մեղուի» հոբելյանի նշանակությունը, որովհետև դրանց ամենքին միասին իրենց մտքերովը և իրենց ձգտումներովը ընդհանրապես առած ամփոփում է իր մեջ «Մեղուն»։

Հիշյալ միտքը ավելի այլաբանական ձևով կազմակերպելով, պ. Սպանդարյանը շարունակում է.

«Եթե այդ (այսինքն Բարխուդարյանը, Պռոշյանը և մյուսները) և դրանց նման գործողները մի որոշ տարիներում կարող են ժամացույցի մեջ ժամանակի նշանները լինել, «Մեղուն» ինքը ժամացույցն է և սլաքը, որ այդ նշանների վրա պտույտ է անում»։

Այդ տողերը հիշեցնում են ինձ Ղորանի այն տեղերը, ուր Մուհամմեդը, կամենալով ապացուցել իր քարոզած նոր վարդապետության ճշմարտությունը, աշխատում է ցույց տալ, որ բոլոր ժամանակների հայտնի մարդիկ համերաշխ են եղել իր մտքերի հետ և մուսուլմաններ են եղեր Մուհամմեդի ասելով, թե Սողոմոն Իմաստունը, թե Արիստոտելն ու Պղատոնը, և թե մինչև անդամ Ալեքսանդր Մակեդոնացին,— մուսուլմաններ են եղել։ Ինչպես պ. Սպանդարյանի ասելով, Բարխուդարյանը, Աղայանը, Րաֆֆին, միով բանիվ մեր ժամանակի բոլոր հայ գործիչները մեղվականներ են,— «որովհետև դրանց ամենքին միասին իրենց մտքերովը և ձգտումներովը ընդհանրապես առած ամփոփում է իր մեջ «Մեղուն»։ Որովհետև «Մեղուն» ժամացույցն ու սլաքն է, իսկ մնացած գործիչները նրա ժամանակը որոշող