Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբողջ տարիների հայտնած մտքերի (իհարկե վնասակար) ի մի հավաքած ամփոփումն է։ Այդ կարծիքի հետ ես համաձայն եմ: Միայն հարցնում եմ, ինչպես կարող է «Խենթի» հեղինակը, որի գիրքը «Մշակի» գաղափարների միագումար արտահայտությունն է, «Մեղուի» հետ համերաշխ լինել։ Մի՞թ համակրում «Խենթի» երազին։

Այդ բոլորից հետո ինձ շատ զարմանալի է թվում, որ «Մեղուն» հանկարծ լեզուն փոխում է, և իմ մտքերը և իմ ձգտումները առած իր մեջ ամփոփված է համարում:

«Մեղուն» մինչև անգամ այնքան նշանակություն տվեց իմ վեպերին, որ եթե իմ վեպերը չտպվեին «Մշակի» մեջ, այդ լրագիրը ոչ այնքան բաժանորդներ կունենար և ոչ այդքան ընթերցողներ։ Այդ նենգավոր կոմպլիմենտը ես համարում եմ երկպառակության խնձոր, որ նա գլորում է իմ և Մշակի» խմբագրի մեջ։ Բայց սխալվում է...

Ինչ որ գեղեցիկ է պ. Սպանդարյանի առաջնորդող հոդվածի մեջ դա է նրա վերջին տողերը. «Մենք կարծում ենք, որ կյանքի մեջ, ուրեմն և պարբերական մամուլում, բարեկամության ժամանակ պետք է լինել — անկեղծ, իսկ հակառակության ժամանակ ազնիվ»։

Եթե պ. Սպանդարյանը երաշխավոր կլինի «Մեղուի» կողմից իր քարոզած ազնվության, այն ժամանակ մենք բաց կանենք այդ քսանհինգամյա լրագրի հին և նոր համարները և կքննենք, արդյոք արժե կատարել մի այսպիսի թերթի հոբելյանը, թե՛ ոչ։

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Ստախոսները հիշողություն չունեն» — ասում է մի հայտնի առած։ Իսկ ես դրա վրա կավելացնեմ, որ ստախոսը իր երեկվա ասածը այսօր մոռանում է և անդադար ինքն իրան հակառակում է.

Այսպես է վարվում «Մեղու» լրագիրը այսպես է վարվում նրա խմբագիր պ. Սիմոնյանցը:

Երբ «Մեղուի» դեմ մի լուրջ, սառն ու դրական պատշաճի բոլոր արժանավորությունները պահպանած հոդված է տպվում, երբ այդ լրագրի խմբագիրը իրան նեղ տեղը ընկած է զգում, իսկույն խույս է տալիս, և փոխանակ նույնպես լուրջ կերպով