Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատասխանելու, թաքչում է իր թերթի գծի տակ, և սկսում է այնտեղից ֆելետոնական մասխարություններով պատասխանել:

«Արձագանքի» մեջ տպվում է մի հոդված, որի մեջ ցույց է տրվում քսանհինգ ամյա «Մեղուի» քսանհինգ ամյա ոչնչությունը։ Բայց այդ լրագրի ազնիվ խմբագիրը, փոխանակ իր թերթը պաշտպանելու, դարձյալ ֆելետոնական խեղկատակությամբ ակնարկներ է անում մի պարոնի վրա, թե X֊ը և Z,-ի փողերի հետ այսպես կամ այնպես վարվեցավ։ Դա ի՞նչ է ապացուցանում։ Դրանով ոչ «Մեղուն» լավ լրագիր կհամարվի և ոչ նրա խմբագիրը փողի հաշիվներում իրան մաքուր պահող մարդ։

«Մշակի» մեջ տպվում է Ախլքալաքի նամակը, որը ներկայացնում է քսանհինգ ամյա «Մեղուի» կատարած տխուր դերը, որը մերկացնում է նրա այլանդակությունը, և ցույց է տալիս այդ լրագրի պ. խմբագրի ուղղությունը։ — Դարձյալ, փոխանակ փաստերի դեմ փաստերով պատասխանելու, հանդես է դուրս գալիս ֆելետոնական մասխարությունը։

Այսպես է պատասխանում «Մեղուի» ֆելետոնիստը (նույն ինքը պ. Սիմոնյանցը) իմ պ. Սպանդարյանի հոդվածի առթիվ գրած նամակին։

Այս տեսակ միմոսություններին առհասարակ չեն պատասխանում, որպես չեն պատասխանում մի փչացած երեխայի ստահակությանը, որին երբ խրատում են, հանդիմանում են, կամ որևիցե նկատողություն են անում նրա անկարգությունների մասին, իսկ նա փոխանակ կարմրելու, փոխանակ զջալու, սկսում է ավելի անամոթաբար բերանը ծռմռել և զանազան հիմարություններ ասել։ Մանկավարժների ոմանց կարծիքով, այս տեսակներին ուղղելու համար ավելի օգնում է ոչ թե խոսքը կամ խրատը, այլ ծեծը, պպտակը...

Բայց ի՞նչ պետք է անես, մենք մի այնպիսի հասարակության մեջ ենք ապրում, ուր դժբախտաբար խիստ սակավ է այն մարդկանց թիվը, որոնք հասկանում են, թե ինչ բան է մամուլի ազնվությունը։ Իսկ մեծ մասը ամեն մի կինտոյական հայհոյանքիչ ոչ միայն չի զզվում, այլ մինչև անգամ գովում է զվարճանում է կարդալով, և ասում է, «տե՛ս, անպիտանը, ինչ լավ քոթկել է…»

Այս տեսակների ծաղրածության առարկա չդառնալու համար ստիպված ես պատասխանել։

Պ. Սիմոնյանցը ասում է, որ ես չեմ հասկացել պ. Սպանդարսանի հոդվածի միտքը (կարծես պ. Սպանդարյանը ինքը կարող