Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր սովորական ձևով հեղաշրջելով, կամենում է ցույց տալ, իբր թե ես դիմել եմ նրան, խնդրելով, որ ինձ ընդունել իր թերթի աշխատակից:

Ահա՛ իրողությունը։ Թավրիզում գտնված ժամանակ ես տեղային ազգային ընթերցարանի գրադարանապետ էի։ Որպես պաշտոնական մարդ, ընթերցարանի կողմից պաշտոնական ձևով հայտնելով, թե ընթերցարանը հայոց բոլոր պարբերական հրատարակությունները ստանում է ձրի, և խնդրեցի, որ ինքը ևս բարեհաճի մի օրինակ «Մեղու» ձրիաբար ուղարկել ընթերցարանին: Միևնույն նամակում հայտնեցի, եթե չի կամենա ձրի ուղարկել, ես նրա թերթի տարեկան վճարի փոխարեն կուղարկեմ մի թղթակցություն (և ոչ երկուսը)։

Հիմա դատեցեք, մի՞թե դա նշանակում է, թե ես առաջարկել եմ թղթակցել «Մեղուին»։ Եվ դիցուք, թե ճշմարիտ լիներ այդ. մի՞թե պ. Սիմոնյանցը իր թերթը այն աստիճան խայտառակ բան է համարում, որ նրան աշխատակցելու իրավունքը կարող էր ինձ համար անպատվություն համարվել, որ իմ երեսին է տալիս իբրև մի հանցանք։

Վերջացնում եմ իմ պատասխանը մի երկու տող ևս ավելացնելով։ Երևում է, որ պ. Սիմոնյանցը հոբելյանի կոմեդիայից հետո և արծաթե պսակ ստանալուց հետո բավական հպարտացել է։ Բայց այս տեսակ վատ միջոցներով և զանազան արհեստական հնարներով ձեռք բերած արծաթե պսակը ավելի շուտ է հնանում, ավելի շուտ է ոչնչանում, քան թե իմ մաշված հողաթափները…

Պ. ՀԱՅԿՈԻՆՈԻ ԿՐԻՏԻԿԱՆ ԵՎ, «ԿԱՅԾԵՐԸ»

Լավ կրիտիկոս լինելու համար պետք է առանձին ձիրք ունենալ։ Լուսավոր ժողովուրդների մեջ շատ անգամ լինում են հարյուրավոր գրողներ, բայց մի կամ երկու լավ կրիտիկոս։ Մեզ ավելի ծանոթ ռուսաց գրականության մեջ մինչև այսօր, իբրև կրիտիկոս հայտնի են երկու անձնավորություններ միայն՝ Բելինսկի և Դոբրոլյուբով, բայց բանաստեղծներ և վիպասաններ համեմատաբար ավելի շատ են ունեցել ռուսները։ Այդ պատճառով, բոլորովին սխալ կլինի մտածել, թե կրիտիկա գրելը ամեն մի փոքրիշատե զարգացած մարդու գործ է։ Կրիտիկոսի տաղանդի հետ