Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է միացած լինեն այնպիսի ձիրքեր, այնպիսի պայմաններ, որոնք ամեն մարդու տված չեն։ Բացի բավականաչափ և բազմակողմանի հմտություններ ունենալուց, կրիտիկոսը պետք է ունենա այնպիսի մտավոր և հոգեկան հատկություններ, որոնց շնորհում է (մարդուն ինքը` բնությունը, որոնք անկարելի է ձեռք բերել գրրքերի կամ գիտության միջոցով։ Նա պետք է ունենա խորին և ազնիվ զգացմունք, որն է աղբյուրը անկողմնապահության, որը թույլ չէ տալիս քննադատին անձնատուր լինել կրքերին։ Նա պետք է ունենա կրթված, զարգացած ճաշակ, ճանաչելու և գնահատելու գեղեցիկը և վայելուչը։ Նա պետք է ունենա բոցավառ սեր դեպի ստեղծագործական արհեստը, և բնավ կանխակալ նախապաշարմունքներով չի պիտի մերձենա դեպի այն գիրքը, որը որը քննադատության առարկա է ընտրել։ Եվ որ ամենագլխավորն է, նա պետք է ունենա դիտողական ընդունակություն, հայացքների ճրշտություն և ընդարձակություն, բազմակողմանի կերպով ուսումնասիրելու քննելի առարկան, որպեսզի նրա նկատողությունները նեղ և միակողմանի չլինեն։ Կրիտիկոսի հանձն առած պարտավորությունը բարձր է և ծանր։ Ոչ ոքից այնքան չի պահանջվում սեր դեպի ճշմարիտը, դեպի արդարը, որպես կրիտիկոսից։ Նրա պաշտոնը դատավորի պաշտոն է։ Եթե մեղադրվածը հանցանք է գործել, նրա համեմատ էլ պատժվում է։ Բայց երբ որ դատավորը մեղանչում է արդարության դեմ, նրա պատիժը պետք է լինի ավելի սաստիկ։

Ինչպես արդար և խղճմտավոր դատավորի համար զանազանություն չունի, թե ինչ կրոնի և ազգության է պատկանում մեղադրվածը, այնպես էլ ճշմարիտ կրիտիկոսի համար պետք է զանազանություն չունենա, թե ի՞նչ բանակի կամ կուսակցության է պատկանում հեղինակը։ Նա պետք չէ նայե, թե ո՞վ է գրողը, պետք է նայե, թե ի՞նչ է գրածը։ Կուսակցական հոգին տեղ չունի ազնիվ կրիտիկայի մեջ։ Կրիտիկան նայում է իր քննելի առարկայի վրա որպես արհեստի և ստեղծագործական արդյունքի վրա, բայց թե ո՞վ է արդյունաբերողը` նրա համար միևնույնն է։

Ամեն մի քննադատական հետազոտություն, որ առաջնորդվում է ոչ թե արհեստի և ստեղծագործության պայմանների տեսակետից, իսկ մի այլ, և քննելի առարկային բոլորովին չվերաբերվող նկատումներով,—մի այսպիսի հետազոտություն կրիտիկա չէ, այլ պոլիմիկա է, որքան էլ նա համեստ և քաղաքավարի կերպով գրված լինի։ Պոլեմիկա ասելով ես չեմ հասկանում կռիվ,