Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերաբերվում դեպի ժողովրդի կյանքը և անխնա կերպով հարվածում են նրա մոլությունները։ Բնականաբար պետք է ժողովուրդը ատեր նրան, բայց մենք ընդհակառակն ենք տեսնում. նա հարգված է, և նրա գրքերը սիրով կարդում են։ Երկու կերպով կարելի է բացատրել այդ երևույթի պատճառը կամ ժողովուրդը այնքան զարդացած է, որ հասկանում է նրան, կամ նա այնքան ուժ ունի, որ հասարակության զայրացած կրքերը ճնշում է, խոնարհեցնում է իր տաղանդի ծանրության ներքո։

Հիմա դառնանք դեպի պ. Հայկունու այն նկատողությունները, որոնցմով նա «Կայծերի» մեջ հակասություններ, անբնական երևույթներ և զանազան սխալներ է ցույց տալիս։

Պ. Հայկունին իր քննադատությունների մեջ մի խորամանկ, բայց կրիտիկայի կանոններին բոլորովին հակառակ ձև է ընդունել։ Նա «Կայծերի» տիպերը չէ քննում առանձին—առանձին, այլ բոլորին ձուլում է, միացնում է հեղինակի անձնավորության մեջ և նրանց կոչում է Րաֆֆի, անդադար կրկնելով, Րաֆֆին այդ վնասակար միտքն է հայտնում, Րաֆֆին ինքն իրան հակառակում է և այլն։ Եվ այդպիսով աշխատում է ցույց տալ հակասություններ։ Շատ հասկանալի է, ինչպես ամեն վեպի մեջ, այնպես էլ «Կայծերի» մեջ կան զանազան տիպեր, զանազան անձնավորություններ, միմյանց տարբեր և մինչև անգամ միմյանց հակառակ հայացքներով ու կարծիքներով։ Եթե բոլորը միանման լինեին, այլևս տիպերի զանազանություն չէր լինի։ Նրանց զարգացման և հասկացողության աստիճանը հավասար չէ։ Կարող է պատահել և պետք է այսպես էլ լինի, որ մեկը բոլորովին սխալ և մինչև անգամ վնասակար միտք է հայտնում, այդ մտքին գուցե հեղինակը ինքն էլ չէ համակրում, այսուամենայնիվ, պետք է իր հերոսին խոսել տա այնպես, որպես ինքն հերոսն է մտածում կամ զգում։ Բայց բոլոր գործող անձինքների մտածողությունները, խոսքերը անխտիր կերպով վերաբերել հեղինակին և նրանց համեմատություններից եզրակացություններ դուրս բերել, — այդ իհարկե, միշտ սխալ հետևանքի կհասցնե։ Ինչո՞ւ էր որովհետև վեպի մեջ լինում են, ինչպես ասեցի, միմյանց հակառակ տիպեր, թե բնավորությամբ և թե զարգացումով։ Լինում են հետադեմներ և առաջադեմներ, խավարամիտներ և ազատամիտներ, խելացիներ և հիմարներ։ Եթե կրիտիկոսը կվեր առնի մի խելացիի կարծիքը և մի հիմարի կարծիքը և երկուսն էլ համարելով հեղինակի կարծիք, կհամեմատե միմյանց հետ, շատ հասկանալի է, որ հակասություն