Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես ճանաչում եմ մի այլ վանք, որի տաճարի մեջ ուխտավորներին ցույց են տալիս մի փոքրիկ ավազան, լքված ձեթով, նրա համար ասում են, թե ձեթը ինքն իրան բխում է և նրանով վառվում են վանքի բոլոր կանթեղները։ Այդ սրբությունը կաթիլներով վաճառվում է ուխտավորների վրա, որոնք նրանով օծում են իրանց հիվանդոտ աճքերը և բժշկություն են սպասում։

Մի այլ տեղ աբեղան ավետարանի վրա բախտահմայություն է առնում։ Ուխտավորը աչքերը խփած, իր ձեռքերով բաց է անում սուրբ գիրքը, իսկ հետո վարդապետը պատահած երեսի առաջին համարը կարդալով, նրա իմաստի համեմատ գուշակում է ուխտավորի բախտը։

Վիպասանը տեսնում է այդ բոլորը և դրանք նման ուրիշ շատ արարողություններ և ստեղծում է մի բոլորովին այլ պատկեր, որի մեջ նույնպես երևում է կղերի խաբեությունը և ռամկի սնահավատությունը։ Այդ երևույթի մեջ այնքան նշանակություն չունի գործողության ձևը, տեսակը, թե ինչպես է կատարվում, այլ նշանակություն ունի գործի բնավորությունը և նպատակը, որի համար կատարվում է։ Եվ վիպասանը այդ վերջինից միայն օգուտ է քաղում և նրա հարմար պատկեր է ստեղծում։

Բայց ցույց տալու համար, որ Րաֆֆին իբրև վիպասան անգամ անձնատուր չէ եղած երևակայական հրապույրների, ցույց տալու համար, որ «Կայծերը» խորին հետազոտության և անցյալի ու ներկայի խղճմտավոր ուսումանսիրության արդյունք է, ես կբերեմ ս. Տիրամոր վանքի մասին այն գրավոր ապացույցները, որ պահանջում է հեղինակից պ. Հայկունին։

Այդ ես չէի անի, եթե պ. Հայկունին թե իր նկատողություները հիշյալ վանքի մասին և թե իր պահանջը, նենգավոր նպատակներով արած չլիներ։ Նա աշխատել է, որպես առաջ ևս ասեցի, ընթերցող հասարակության մոլեռանդությունը գրգռել հեղինակի դեմ, իբր թե նա ցեխ է քսում հայոց վանքի ու վանականների վրա, նկարագրելով նրանց մեջ հեթանոսությունների մնացորդները։

Իմ բերած ապացույցները կլինեն ոչ թե մի աշխարհականի գրվածքներից, այլ մի հարգելի վարդապետի գրվածքներից։ Կարծեմ վարդապետի վկայությունը վանքի մասին ավելի մեծ կշիռ պետք է ունենա։

Մեր գրականության մեջ հայտնի է հայր Գարեգին վարդապետ Սրվանձտյանցը,— Խրիմյան Հայրիկի առաջադեմ

7 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. X