Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հա՛, ես այդպե՛ս էլ ասացի, բայց մարդագայլը ասաց, եթե Պողոսը էլի այնպես լաց կլինի՝ ես կգամ նրան էլ կուտեմ։

Խեղճ Պողոսը զարհուրելով այս խոսքերից մի քանի րոպե լուռ կացավ, մինչև քունը նրան բոլորովին հանգստացրեց։ Նրա մայրը ուրախ էր, որ կարողացավ խաբել յուր երեխային[1]։

Նույն ժամուն Ռուստամը տավարների փարախում, ծառաների մոտ էր. այնտեղ վերահասու էր լինում իրանց անասուններին և նրանց հետ միասին մաքրում էր կովերի, եզների և գոմեշների աղքը, խոտ և դարման էր տալիս, և ուրախանում էր, տեսնելով թե նրանցից ո՛րն է շատ գիրացել։ Վերջացնելով յուր գործը, աշխուժավոր պատանին, եկավ յուր չորս տարեկան մանուկ քուռակի մոտ, և պտույտ գալով նրա շուրջը՝ հիանում էր նրա գեղեցկության վրա։ Նա առեց քորոցը (ղաշովը), և սկսեց քորել յուր քուռակը, հեզիկ շրթունքների միջից եղանակելով մի երգ։ Ձմեռվա սկզբից, ինքը, պատանին, յուր ձեռքով հոգս է տանում յուր ձին դարմանելու, որ նա ավելի գիրանա, զորանա և մեծանա։

— Խաչո,— ասաց նա յուր մտերիմ ծառային,— տեսնո՞ւմ ես, քուռակը աշունքից սկսած ո՛րքան մեծացել է. հավատա, գարունքին Ծաղկավանի փարախներից ո՛չ մի ձի դրա նման չի դուրս գալու։

— Անտարակույս, այդպես է,— նրա խոսքին հաստատություն տալով պատասխանեց Խաչոն.— քո ձիու հատը ո՛չ միայն մեր գյուղում, այլ մեր ամբողջ մահալումը չկա։ Ճանճակերենց Հարությունի տղան էլ պարծենում է, թե ձի ունի. անցյալ օր նրանց փարախը մտա, տեսա, ի՞նչ ձի, մեր կարմիր կովի հորթը — քեզ օրինակ։

— Դու գիտե՞ս սա՛ ի՞նչ ցեղից է... ա՜խ դրա «սոյին» ղուրբան... սա՝ արաբների քյահլանների ամենաազնիվ արյունիցն է. Մահմուդ-բեկը յուր եղբորը չէր բաշխի մի այդպիսի քուռակ, բայց նա իմ բարեկամն է, ինձանից անց չկեցավ։

— Բայց մի բան եմ լսել, Ռուստամ,— նրա խոսքը կտրեց Խաչոն։

  1. Հայոց մանուկների ընտանեկան դաստիարակությունը ընդհանրապես անկարգ է՝ առանց այդ մասին տարակուսելու․ բայց ավելի վատթար է այն սովորությունը, որ ծնողները կամենալով հետ պահել իրանց երեխաները չարություն անելուց, և կամենալով, որ նրանք լինեն կարգապահ և պատշաճ, միշտ զարհուրեցնում են նրանց սարսափելի առասպելներով։ Այդպիսով նրանց երեխաները մեծանում են ոչ միայն թուլասիրտ, վախլուկ և երկչոտ, այլ՝ մանկությունից ուսած հիմար սնահավատությամը։ Ծանոթ. հեղ.: