Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առավոտյան բերկրաբար հովին,
Նա երգում էր որպես հրեշտակ,
Կամ թե վարդի կանաչ թփին՝
Ուրախաձայն սիրուն սոխակ։

Նա տեսավ ինձ, ճլվլալով
Թռչնիկի պես, ինձ մոտ վազեց.
Գրկեց քնքշիկ ձեռքերովը,
Իմ թուշը յուր թշին սեղմեց։

Հանկարծ որպես նոր Ֆլորա՝
Նա ինձ տվավ մի ծաղկեփունջ.
Կախարդված ծաղկանց անուշ հոտը՝
Հոգումս փշեց նոր կյանք, նոր շունչ։

Այն ի՜նչ խոսք էր, որ նա ասեց.
— «Այդ անուշահոտ վարդերը՝
Առ օրինակ քեզ սիրական,
Ծաղկի պես միշտ թող թարմ լինի քո սերը»։

— Բա՛յց անհոգ կաց, իմ նազելի».
Ասացի ես հիացած.
«Դու իմն ես հավիտենից.
Մեր ճակտին այսպես է գրված:

«Քանի արևն երկնքից՝
Ծագում է ինձ պայծառ լույս.
Քանի շունչս ունի ելումուտ,
Քո սուրբ սերը կից է հոգվույս:

«Քանի հողանյութ մարմինս՝
Ծծում է պարզ օդ եթերին,
Այդ օրերի րոպեք ոսկի՝
Միշտ կհնչվին մեջ իմ սրտին։

«Չեմ թող տալ, սիրուն ձեոքդ
Բռնե մի այլ տղամարդ,
Չեմ թող տալ ժանտ փուշի հետ՝
Ծակծկվի մի քնքուշ վարդ։

«Բա՛յց երբ որ կգա մահը
(Ես հնազանդ եմ իմ օրհասին).
Քո ձեռքովդ այդ կաղնիի տակ՝
Կամփոփես իմ ցուրտ մարմին։