Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վենետիկցոց տպածն է, հին և մեռած լեզվով. բայց ինձ խիստ սիրելի է սուրբ գիրքը աշխարհաբար լեզվով:

Պարոն Աշխարունին բացեց սենյակին կից դուռը և առաջնորդեց հյուրը դեպի գրատուն: Սոլոմոն-բեկը անխորհուրդ կերպով, մեքենաբար նայում էր պատուհաններում դրած մեծ և փոքր գրքերի վրա։ Նա վերցրեց մի հասարակ կազմով Աստվածաշունչ, և տվեց ծառային, դնելով սեղանի վրա հինգ հատ ոսկի:

— Դուք, պարոն, գնից ավել հատուցիք,— ասաց պարոն Աշխարունին,— դրա գինը հինգ կռան է:

— Դուք առհասարակ ձեր գրքերը էժան գնով եք վաճառում. և շատ անգամ, ինչպես հայտնի է ինձ, ձրի եք բաշխում աղքատներին։

Այնուհետև, նա խնդրեց, որ նրան ցույց տային վարժարանը։

— Մեր վարժարանները այնպիսի բան չեն, որ արժանի լինեին ձեր հարցասիրությանը,— առարկեց պարոն Աշխարունին։

— Ո՛չ-ո՛չ, ես կսիրեմ նրանց արդի չքավորության մեջ ևս,— պատասխանեց նա մեծահոգության հովեր առնելով — աղքատությունը պարսավելի չէ՛։

Պարոն Աշխարունին ներս տարավ նրան մի մերկ և սառն սենյակ, որ դասատունն էր կազմում։ Այնտեղ տասը նստարան կար աշակերտների համար, բայց նրանցից միայն մինի վրա նստել էին յոթն աշակերտ։ Այդ փոքրիկ սենյակը միանգամայն և դասատուն էր և աղոթարան, որովհետև կյուրակե օրերը այնտեղ ժողովում էին մարդիկ և կանայք աղոթքի և քարող լսելու համար: Այնտեղ կար մի սև գրատախտակ և մի ամբիոն, սև փայտից, որի վրա քարոզի և դասախոսության ժամանակ կանգնում էր պարոն Արամը։

Աշակերտները ոտքի կանգնելով, ցույց տվին արժանավոր հարգանք, Սոլոմոն-բեկը մոտենալով, նայում էր նրանց դասագրքերին։ Նա գնալով կանգնեց պատից կախ ընկած դասացուցակի առաջ, և սկսեց կարդալ ամեն մի ժամի համար որոշված դասերը.

— «Աստվածաբանություն... մեկնություն սուրբ գրոց... եկեղեցական պատմություն... բնական պատմություն... մաթեմատիկա...» էլ ի՞նչ եք ուսուցանում. շատ զարմանալի է մի այդպիսի կարճ ժամանակում այդքան հառաջադիմությո՜ւն,— ասաց նա, դառնալով դեպի վարժապետը։

Այստեղից դուրս գնալով, վարժապետը նրան ներս տարավ աղջիկների դասատունը, Սոլոմոն-բեկը հազիվ էր կարողանում