Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Նույն օրվա իրիկնապահին, օրիորդ Սալբին, տխուր և սրտաբեկ մտավ տիկին Սալլաթինի սենյակը, և գտավ նրան նույնպես տխրամած դեմքով, նստած յուր գրասեղանի առաջ։ Խղճալի օրիորդը դեռ նոր էր լսել Ռուստամի հիվանդությունը։ Նա երկար, լուռ նստած նայում էր հատակին, ամաչելով խոսել և հարցնել յուր սիրականի հիվանդության մասին։ Տիկին Աշխարունին նկատեց այդ։

— Լսե՞լ ես, Սալբի, Ռուստամը հիվանդ է,— ասաց նա։

Օրիորդը պատասխան չտվեց. նրա սիրտը լցված էր։

— Դու գնա նրա մոտ, Սալբի, դո՛ւ կթեթևացնես նրա հիվանդությունը,— ավելացրեց տիկին Աշխարունին։

— Ես շատ եմ ցանկանում,— պատասխանեց օրիորդը,— բայց կարելի՞ է այդ, մի այնպիսի երկրում, ուր այնքան չարաչար դատապարտված է կանանց սեռի ազատությունը։

— Ուրիշ մարդկանց հիվանդի մոտ գնալը — արգելված է, պարոն Մելիքզադեն է մենակ նրա մոտ. ես նրան իմաց կտամ քո մասին, և նա կգտնե մի արձակ միջոց, քեզ հիվանդի մոտ գաղտնի ներս թողնելու։

— Ես շնորհակալ կլինեմ,— պատասխանեց օրիորդը,— միայն որքան կարելի է զգուշությամբ, խայտառակ չլինեմ, եթե տեսնեն մեզ։

— Այդ մասին ինքը, պարոն Մելիքզադեն կհոգա։ Դու սպասիր քո սենյակում, մինչև քեզ իմաց տամ։

Գիշերվա տասն և մեկ ժամից անց էր։ Օրիորդ Սալբին, տեր Առաքելենց տանը, միայնակ նստած էր մի մերկ և ցուրտ սենյակում, մթին խավարի մեջ: Չնայելով, որ դուրսը կատաղի մրրիկն էր մռնչում, չնայելով, որ ցուրտը, անվառ սենյակում սառեցնում էր, բայց և այնպես, օրիորդը այնքան բորբոքված և լցված սրտով՝ չէր զգում ոչ մի սարսուռ։

Հանկարծ լսելի եղավ բանալիի շարժվելու ձայնը, դռները հետ գնացին, ներս մտավ պարոն Մելիքզադեն, միայնակ, և ճրագը ձեռքին։

— Ներողություն,— ասաց նա,— ես ձեզ երկար սպասել տվի, այս գիշեր պարոն դոկտորը չկամեցավ շուտ գնալ։

Մերձակա սենյակում ժամացույցը զարկեց տասնևերկու։