Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք դուրս եկան սառցատնից։ Պարոն Մելիքզադեն կրկին հանգցրեց ճրագը։ Ներեցեք,— ասաց նա,— մութի մեջ ևս կարելի է գնալ, բայց ես չեմ ուզում, որ տեսնեն ձեզ:

Օրիորդ Սալբին, որպես ուշակորույս, ոչ մի պատասխան չէր տալիս, միմիայն մեքենաբար հետևում էր յուր առաջնորդին, և նրանք, մթին, ոլոր-մոլոր սանդուղքներով բարձրանում էին դեպի հիվանդի քնարանը։ Պարոն Մելիքզադեն բաց արեց մի սենյակի դուռ, ուր աղոտ լուսով վառվում էր ճրագը, և ներս թողեց օրիորդ Սալբիին ասելով.

— Դուք, պատվելի օրիորդ, այստեղ կգտնեք հիվանդը։ Բայց ինքը դուռը կողպելով հեռացավ։

Դեղերի դարմանների սուր հոտավետությունը, որով լցված էր հեղձուցիչ սենյակը, բավական էր զարկելու օրիորդի սրտին այն սաստիկ հարվածը, որ զգաց նա...։ Նա, հազիվհազ զսպելով յուր սպառված զորությունը, մոտեցավ մահճակալին, ուր դրված էր հիվանդը՝ բոցավառված կրակի մեջ։ Նրա դեմքը գունատ և նվազած էր մաշված հիվանդների նման, այլ սաստիկ շառագունած, վառվում էր, որպես լրացած լուսինը։ Նրա մեծ սևորակ աչքերը՝ բարակացավ ունեցողների պես մեռած և խոր գնացած չէին, այլ կարմրած՝ փայլում էին լի կրակով։ Իսկ նրա արագ-արագ շնչառությունը էր — լիքը, զորավոր և սարսափելի։

Խղճալի օրիորդը, Եղիսեի նման, յուր մարմինը տարածեց հիվանդի վրա, բերանը՝ բերանին դրեց, երեսը՝ երեսին քսեց, սիրտը սրտին շոշափեց, և այսպիսով, ասես թե յուր բոցավառված սիրո էլեկտրականությամբ, կամենում էր նրան նոր շունչ տալ, կենդանություն ներշնչել։ Բայց հիվանդը չզգաց այդ մարգարեական հոգու ներշնչությունը, որպես սունամացի կնոջ զավակը նա չարթնացավ յուր անզգայությունից։

Ռուստամը վառվում էր սաստիկ տաքության մեջ։ Նրա խոսքերի մեջ, որ անդադար զառանցում էր յուր երևակայական ցնորքներում, միայն բացորոշակի, հասկանալի էին — «Սալբի»—«Իմ սիրական» — բառերը:

Օրիորդը ծունկ չոքեց հատակի վրա, և յուր քնքուշ ձեռքերը փակելով կրծքի վրա, յուր ոգևորված հայացքը բարձրացրեց դեպի վեր, և սկսեց խորին ջերմեռանդությամբ աղոթել... և աղոթեց ա՛յնքան երկար, մինչև լուսաբացին պարոն Մելիքզադեն ներս մտավ, բռնեց նրա ձեռքից և վեր կանգնեցրեց ասելով.

— Այժմ իմ բարեկամ, հեռացե՛ք, բժշկի գալու ժամանակն է: