Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առարկան: Թուրքիան, հենվելով Անգլիայի և Բիսմարկի պաշտպանության վրա, մատը մատին չի խփում, նա չի իրականացնում և ոչ մի միջոցառում հայերի դրությունը «բարելավելու» համար: Ավելին, սուլթանն ուժեղացնում է նրանց դեմ ուղղված հալածանքը և պատրաստվում է ի կատար ածել արևմտահայության ֆիզիկական ոչնչացման իր դիվային ծրագիրը:

Ռուս ժողովրդի ջանքերով սլավոններն ազգային անկախություն ստացան: Արևմուտքի բուրժուական պետությունների ճնշման տակ և նրանց պահանջով ռուսական բանակները ստիպված էին թողնել Արևմտահայաստանը։ Հայերը պաշտպանություն գտնելով այդ բանակների կողմից, թուրքական-բեկական և քրդական-շեյխական հալածանքներից ու սրից խուսափելու նպատակով, մեծ խմբերով գաղթում են Արևելյան Հայաստան:

Րաֆֆին, Ագուլիս մեկնելիս, ճանապարհին հանդիպում է Ալաշկերտի գաղթականությանը և իր տպավորությունները հրատարակում է «Փորձ» ամսագրում: Նա ամբողջապես կլանվում է ժամանակի հրատապ հարցերով:

Սկսվում է նրա դրական գործունեության նոր շրջանը:

Այս նոր շրջանում Րաֆֆու ստեղծագործության գլխավոր և հիմնական նյութը դառնում է Արևմտյան Հայաստանի և արևմտահայության ազգային ազատագրության հարցը: Դա հենց էպոխայի աոաջադրած հարցն էր, ռուս-թուրքական պատերազմի տարիների իրադրության մեջ ստեղծված էական պրոբլեմը: Ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ Րաֆֆի հրապարակախոսը և Րաֆֆի գեղագետն արձագանքում են ժամանակի այրող երևույթներին, «Տաճկահայք» գրքում զետեղված հոդվածներից բացի[1], Րաֆֆին գրում է «Խենթը» վեպը, «Ջալալեդդին» վիպակը, աշխատում է «Կայծերի» վրա: Ընթերցողն այդ գրվածքները կարդում է «Մշակի» էջերում, «Խենթի» և «Ջալալեդդինի» հատվածները ձեռքեձեռք են անցնում, տպարանի մոտ հերթեր են գոյանում, գյուղերում մի գրագետ մարդ թերթի րաֆֆիական նյութերը կարդում է բազմաթիվ անգրագետների, արտագրություններ են արվում։ Րաֆֆին ազդում է, բորբոքում ընթերցողի միտքը և երևակայությանը, ինքը վիպասանն ու հրապարակախոսը, դեպքերին հետևում է կլանված կերպով, հեռագիրն ու լուրը նրա ստեղծագործական երևակայության մեջ շատ արագ դառնում է նոր երկի, այդ երկի էջերի նյութը, վերածվում գեղարվեստական պատկերի, դիալոգի: Րաֆֆին միջամտում է կյանքի, գործերին ամենաակտիվ կերպով: Իրական դեպքերը, իրական երևույթներն ու դրությունները, իրական-պատմական դեպքերը և մտածին հերոսները ապրում են նրա երկերում կողք-կողքի, սրանց բոլորի նկարագրության ռոմանտիկական եղանակը չէր ժխտում, այլ ընդգծում էր նրանց նշանակությունը կյանքի համար, Տուրգենևի Ինսարովը և Նեժդանովը, բուլղարական ժողովրդի, առհասարակ բալկանյան-սլավոնական ժողովուրդների ազգային ազատագրական հերոսական պայքարի դրվագները և հերոսները, ռուսական բանակում իրենց քաջագործություններով հայտնի դարձած հայերը Րաֆֆու գրչի տակ ստանում են իրենց ուրույն արտահայտությունը, կաղապարվում, «վերամշակվում» են հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի տեսանկյան տակ, հեղինակի մտքի, երբեմն նաև նրա ուտոպիական երազանքների ոգով: Հենց այդ տիպի երազանքներն էլ ցույց

  1. Հոդվածների այդ ժողովածուն հեղինակի մահվանից հետո հրատարակել է Աննա այրի Րաֆֆին, 1895 թ. Թիֆլիսում, Ս. Հ.