Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան, բայց իրանք նույնպես զարմանում են, թե որպես կերպարանափակ եղավ նա:

— Քոփակ (գամփռ),— բարկանալով ասաց խանը մելիքին, ա՞յս է քո ինձ խոստացած աղջիկը, ուրեմն դու խա՞ղ ես անում ինձ հետ. դու խայտառակե՞լ կամենումես իմ հարեմատունը, սպասիր, դու կստանաս իմ վրեժխնդրության ծանր պատիժը։

Քրտինքը խոշոր կաթիլներով սկսեց թափվել մելիքի ճակատից և անհետանալ նրա մորուքի մեջ. նրա երեսը ամոթուց կարմրեցավ աղյուսի գունով. նա ուզում էր գետին մտնե, որովհետև խանը նրան բոլոր բազմության առջև կոչեց քոփակ։ Բայց և այնպես, նա չէր կարողանում հասկանալ այդ զարմանալի և տարապայման անցքի պատճառը։

— Այ գյուղացիք, ասաց խանը սպառնացած,— բոլորիդ գլուխները այս րոպեիս կտրել կտամ, եթե չգտնեք այս վայրկյանում այդ աղջիկը։ Կորեք դուք, գարշելիներ,— ասաց նա պառավներին։

Սարսափը և զարհուրանքը տիրեց խղճալի ժողովրդին։ Նրանց աչքերը սևացան, նրանց գլուխները պտույտվեցան․ նրանք դողում էին ահից և երկյուղից։

Պարոն Ռուստամը ինքը մնացել էր զարմացած, որովհետև նա յուր աչքով տեսավ, երբ առավոտյան շուտ խանի անթիվ ֆերբաշները շրջապատեցին ծերունի Մկրտչի տունը, օրիորդ Սալբիին բռնեցին, տվեցին պառավների ձեռքը. ինքը չկարողացավ օգնել յուր սիրուհուն, և ճարահատյալ դիմեց Ավազակենց տունը, գուցե մի հնարքով ազատեր նրան։ Բայց տեսնելով զարմանալի փոփոխությունը նա մնաց սառած, թե ի՞նչ գաղտնիք էր այդ, ո՞ւր աներևութացավ օրիորդ Սալբին. ուսկի՞ց հայտնվեցավ այդ ղարաչի կինը, որ քանի օր առաջ տեսել էր տներում` ման էր գալիս, ֆալ բաց անում (հմայում) և հաց ժողովում։ Նա որ երբեք չէր հավատում գերբնական զորությունների, ընկղմվեցավ խորին կասկածների մեջ, թե այդ գործի մեջ թագուցած էր մի անբնական գաղտնիք։ Բայց լսելով խանի սպառնալիքը, տեսնելով գյուղացիների տագնապը և զարհուրանքը, թողեց յուր մտածմունքը, մոտեցավ խանին ու խոսեց.

— Ինչո՞ւ դուք մի խաբեբայի (մելիքի) խորհրդով խռովում եք այդ խեղճ գյուղացիների հանգստությունը. ինչո՞ւ հայհոյում եք այդ ողորմելի ժողովուրդը, որ այսպես հնազանդությամբ իրանց գլուխները ծռել են ձեր առջև։ Բավական չէ՞, որ դուք խլում եք մեր կայքը,