Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարջանն,— այդպես էր աղախնի անունը, — մի կարեկցական հայացք ձգելով տիկնոջ երեսին, խոսեց.

— Մարջանը քո ոտքերուն մատա՛ղ լինի, տիկին, այդ այն պատճառով է, որ այն անապատում մաջնուններ են թափառում․․․

Մի խորհրդական ժպիտ խաղաց խանումի գունատ դեմքի վրա։

— Դու շատ խորամանկ ես, Մարջան․․․— ասաց նա, և ձեռքը նեցուկ տալով երեսին, գլուխը բարձրացրեց բարձի վրայից։

— Ցավդ առնի Մարջանը,— խոսեց աղախինը չդադարելով շարժել հովհարը,— քանի ժամանակ է, որ քո ստրկուհին նշմարում է, յուր տիկինը տանջվում է հոգու անհանգստությունից և նրա դեմքը տխուր է, որպես ձմեռվա լուսնյակը․․․ նա շատ քիչ է քնում․․․

Զեյնաբ-խանումը — այդպես էր տիկնոջ անունն — յուր ցավալի աչքերը դարձնելով դեպի աղախինն, ասաց․

— Ա՜խ, ո՛րքան անուշ է մահվան քունը, Մարջան, գերեզմանի խորքումը հանգստանում են ամեն դառնությունները․․․ բայց գերեզմանն էլ, Մարջան, խնայում է ինձանից յուր վերջին մխիթարությունը․․․

Սարսափի նման մի բան փայլեց խափշիկի խոշոր աչքերում, և նա համբուրելով յուր տիկնոջ ոտքը ասաց․

— Պանդուխտների տերն՝ Իմամ-Մուրզան թո՛ղ մխիթարե քո հոգին, իմ տիրուհին ինչ առիթ ունի յուր սիրտը մաշել այդպիսի ցավերով․․․ Շահզադեն (տիկնոջ ամուսինն) յուր բոլոր հարեմներից ավելի սիրում է քեզ, նա պահում է քեզ ոսկու, արծաթի և թանկագին քարերի մեջ։

— «Է՜հ, ինչ կանեմ ոսկի լագանն, երբ նրա մեջ արյուն պետք է թքեմ», — ասաց տիկինը պարսկական առածը, և խոսքը փոխեց հարցնելով աղախնից․— քեզ երդում եմ տալիս քո հոր ոսկերքով, ճշմարիտն ասա՛, Մարջան, դու սիրո՞ւմ ես քո տիկնոջը, դու հավատարի՞մ կմնաս դեպի նա։

— Այդ ի՛նչ հարցմունք է, տիրուհի,— պատասխանից աղախինը․— Մարջանը քո ոտքերի փոշին է, նա քո ստրկուհին է, ո՛րպես կարող է նա չսիրել և հավատարիմ չմնալ քեզ։ Թո՛ղ Ալիու ղուլֆուղարն իմ սիրտը կտոր-կտոր անե, թող ես զրկվիմ Մուհամմեդի լույսից, թո՛ղ Շիմրին և Յազիդին տված նզովքներն իմ գլխին թափվին, եթե ես ծուռն աչքով նայեմ դեպի քեզ։

— Ես բոլորովին հավատում եմ քեզ,— առաջ տարավ տիկինը,— բայց դու ուղիղն ասա՛, Մարջան, քո կյանքում պատահե՞լ է, որ դու սիրահարված լինեիր։