Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչպես մեղքս թաղեմ, տիկին, պատահել է․․․— պատասխանեց աղախինն անմեղությամբ։

— Պատմի՛ր, ի՞նչպես է պատահել։

Աղախինը սկսեց պատմել։

— Մեր ցեղի մեջ կար մի տղամարդ, նա կոչվում էր Սադդայի որդի Բիլալ։ Նրա դեմքը սև փայլուն էր, որպես թուխ էբենոս։ Նրա աչքերը վառվում էին, որպես Յամենի սև չավա։ Նրա ատամները սպիտակ էին, որպես կարմիր ծովից նոր դուրս բերած սադաֆ։ Նրա ճակատը նկարված էր զանազան գույներով, որպես կրիայի խայտաճամուկ մեջքը։ Բիլալը մեր ցեղի քաջ տղամարդերից մինն էր։ Սահարայի առյուծը չուներ նրա սիրտը. անապատի ջայլամն այնպես սրընթաց չէր, որպես Բիլալը․ Նեղոսի եղեգների մեջ օձն այնքան թեքուն և դալարուն չէր, որպես նա։ Բիլալը մի համարձակ որսորդ էր։ Նրա նետերն երբեք չէին շեղվում նպատակից։ Նրա նիզակը զարհուրելի էր։ Շատ անգամ հեղեղատի եզերքում ես բանջար քաղելիս, հանդիպում էր ինձ Բիլալը։ Մի անգամ կապեց նա իմ պարանոցից ծովային խխունջներից և նախշուն խիճերից մի վզանոց, որոնք նա յուր ձեռքով հավաքել էր անապատից, և օծեց իմ մարմինը կակոսի յուղով, և նայեց իմ վրա, համբուրեց ու ասաց․— «դու այժմ գեղեցիկ ես, Հուդդի, որպես Աբեսինիայի եղջերուն․․․»։ Այն ժամանակ այդպես էր կոչվում իմ անունը: Բայց երկար չտևեց իմ ուրախությունը գեղեցիկ Բիլալի հետ։ Ափրիկայի խորին անապատներից վայրենիների մի բազմաթիվ խումբ՝ հարձակվեցան մեր ցեղի վրա։ Մերոնք հաղթվեցան։ Նրանք դերերին մեր ցեղի մանկահասակ զավակները և շատերին սպանեցին։ Բիլալն ինքն էր, որ ինձ պաշտպանելու ժամանակ, անցավ նրա թիկունքի միջից թշնամու նիզակը։ Նա աչքերը փակեց, ասելով ինձ․ յուր վերջին խոսքը. «ես չկարողացա ազատել քեզ, Հուդդի․․․»։ Ես գերի ընկա վայրենիների ձեռքում ուրիշ շատ աղջիկների և տղերքի հետ․ նրանք մեզ ծախեցին հնդկացի վաճառականներին և մենք տարվեցանք դեպի Բոմբա։ Այնտեղից ինձ Պարսկաստան բերեց մի բանդեր — բուշերցի հաջի, որից դու գնեցիր ինձ, տիկին։ Մինչև այսօր ես շատ անգամ տեսնում եմ Բիլալին, ես տեսնում եմ նրան երազումս․ նա թափառում է Աբեսինիայի հեղեղատի ափերում և խխունջներ է հավաքում, որ զարդարե իմ պարանոցը․․․

Խափշիկը վերջացրեց յուր պատմությունը և նրա վառվռուն աչքերից գլորվեցան արտասուքի մի քանի խոշոր կաթիլներ սևորակ թշի վրա։