Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երիտասարդ ուժեր է որոնում վիպասանը, որոնք իրենց ձեռքը կվերցնեին հայկական մամուլի և գրականության հետագա զարգացման գործը։

1880-ական թվականներին ցարիզմն ուժեղացնում է երկրի ներսում տարվող ռեակցիոն քաղաքականությունը, հալածում ազատասիրական մտքի ամեն մի արտահայտություն, ավելի ուժեղ է ճնշում ժողովուրդների ազգային ազատագրական ելույթներն ու ձգտումները։

Առավել դաժան էր սուլթանի քաղաքականությունը։ Արյունարբու Համիդը օրակարգի հարց էր դարձրել հայերի բնաջնջումը, Թուրքիան և հայկական նահանգները վերածելով անլուր տառապանքների ու բռնությունների մի իսկական բանտի։ Թուրքիան բանտ-այդպես է գրում և՛ Հակոբ Պարոնյանը։

Պատմական թեմատիկան, անցյալի վերապատկերումը այն միջոցն էր, որով Րաֆֆին, ռեակցիայի խրախճանի տարիներին, կարող էր շարունակել իր՝ գաղափարական պայքարն ինչպես նույն ռեակցիայի դեմ, այնպես էլ բորբոքեր ազատագրական միտքը։

Րաֆֆին գրում է «Խամսայի մելիքությունները» պատմական ուսումնասիրությունը, տալիս է «Գաղտնիք Ղարաբաղի» գրքի քննությունը, թարգմանում է «Ղարաբաղի աստղագետը» (յուրովի)։ Ըստ այրի Աննա Րաֆֆու հայտարարության, պատրաստ են եղել Րաֆֆու «Հայոց պատմությունը մինչև Լևոն Զ», «Ընդհանուր պատմություն» աշխատությունները։

Րաֆֆու պատմա-վիպական գործերն են «Դավիթ-բեկ», «Պարույր Հայկազն» և «Սամվել»։

Պատմական անցյալում Րաֆֆին գտնում է իր օրերին հար և նման պայմաններ, դեպքեր, գրություններ, որոնք նրան նյութ են տալիս թե՛ անցյալը վերարտադրելու և թե՛ ներկան հիշեցնելու համար։

Անցյալի ուսումնասիրությունը Րաֆֆին համարում է կարևոր գործ։ Նա ձգտում է նույն այդ անցյալը ճանաչել, վերականգնել հեռու, անցած գնացած ժամանակների պատկերը, դիտել այն իր աչքերով, սեփական մտքի տեսանկյունով։

Այդ նպատակով նա խոր ուսումնասիրում է պատմական սկզբնաղբյուրները, բոլոր այն տվյալները, որ վերաբերում էին նույնիսկ մանրուքների։ Սակայն պատմիչները նրան, այնուհանդերձ, չեն բավարարում, նա ասում է, որ ժողովուրդն անտեսված է նրանց կողմից։ Ահա ինչու սկզբնաղբյուրների նվազագույն տվյալները Րաֆֆին մշակում և վերամշակում է իր երևակայության ուժով։

Իբրև գեղագետ, նա արդեն օժտված է հարուստ երևակայությամբ, կարողանում է անցյալը մոտեցնել իր աչքերին, այն տեսանելի և շոշափելի դարձնել, թափանցել դարերի խորքը։

Նրա վարպետությունն այժմ ավելի բարձր է, կերպարների կերտման արվեստն ավելի ցայտուն։

ինչպիսի՜ դրամատիզմ է բացահայտված Դավիթ-բեկի ժամանակաշրջանում. ամեն ինչ եռում է, երկիրը, մարդիկ, կարծեք թե կրակի բոցերի մեջ են։ Րաֆֆին ծանոթ է անհայտ հեղինակի գրաբար «Դավիթ֊բեգ», ընտիր պատմություն Դավիթ-բեգին և պատերազմաց հայոց Խափանու» աշխատությանը, բայց մեկնում է գործողությունների վայրը, հասնում է մինչև Տաթև, սեփական աչքերով տեսնում բերդերի և ամրոցների մնացորդները, հավաքում գյուղերում պատմվող լեգենդներն ու զրույցները, վեպը սկսում է գրել Տաթևում։ «Խամսայի մելիքությունները» գրքում նա Դավիթ-բեկին շատ քիչ տեղ է հատկացնում, բայց ակնհայտ