Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լուսամուտների լայն —ապակեզարդ փենջարեքը վեր էի քաշված և բակի ծաղիկներով անուշահոտված օդը ներս էր ծավալվում ախորժ թարմությամբ։

Փենջարեի մի կողմում ծալապատիկ նստած էր ամրոցի իշխանը, նրանից ներքև կարգով շարված էին հյուրերը և լռությամբ ականջ էին դնում նրա խոսքերին։

Միրզա-Շաֆին ներս մտավ և սովորական ողջույնը տալով, կանգնեց։

— Ա՜, Միրզա, բարով եկար, բարով, հրամայեցեք նստեցեք,— ասաց իշխանը նրան տեղ ցույց տալով։

Երիտասարդը բոլորին ծանոթ էր, առանց նեղվելու, համարձակ գնաց և նստեց ցույց տված տեղը։

Նա լավ գիտեր յուր երկրի սովորությունը, թե գտնվում էր մի իշխանի մեջլիսում, և թե հարկավոր էր ամեն նրա հիմար ու խելացի խոսքերին լռությամբ լսել, «այո՛, այդպես է» ասել, այդ պատճառով Միրզա-Շաֆին կամեցավ առժամանակ պահպանել պատշաճի կանոնները։

— Հորս գերեզմանին երդում լինի,— շարունակեց իշխանը՝ ընդհատված խոսակցությունը,— իմ որսորդությունն այս անգամին անսպասելի հաջող գնաց։

— Ձեր մեծությունը միշտ բախտ ունե որսորդության մեջ,— շողոքորթեց հյուրերից մինը։

— Բացի դրանից, իշխանի շները լավ վարժված են,— վրա բերեց մի այլը։

— Իմ ոսկեգույն բարակը՝ Շեյթանը, հրաշալի մի բան է, ես նրան չեմ փոխի ամենաազնիվ արաբական նժույգի հետ,— պատասխանեց իշխանը։

— Այն որ Ջաֆար-խանը ձերդ մեծությանը փեշքեշ էր ուղարկե՞լ,— հարցրեց մինը։

— Այո՛, հենց այն,— պատասխանեց իշխանը,— գիտե՞ք, խան, ո՛րքան թանկ նստեց ինձ այդ բարակը. Ջաֆար-խանը, ձեզ հայտնի է, ամբողջ մի տարի գավառապետ էր Քաշանում, ի՞նչ անիրավություններ ասես չէր արել այնտեղ այդ անպիտանը` կաշառքներ, տուգանքներ,— բացի դրանցից դիվանի տուրքից ևս բավական կուլ էր տվել։ Ես կարող էի նրանցից մի քանի հազար դեղին թուման դուրս քաշել, բայց բոլորը բաշխեցի։

Միրզա-Շաֆին, որ լռությամբ լսում էր, կտրեց իշխանի խոսքը.— Վնաս չունի, բարակը նույնպես դեղին գույն ունի, իշխան: