Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ վերջին արշավանքներում մենք թուրքմեններից այնքան գերիներ և կողոպուտ խլեցինք, նրանց թվում գտնվում էր Խալաֆ-բեկի աղջիկը։ Խեղճ ծերունին առաջարկեց հազար թուման փրկանք յուր դստեր համար, ես չընդունեցի, այլ պահանջեցի նրա ձին, որ բոլոր Թուրքեստանի մեջ հռչակված էր։ Նա ստիպված եղավ տալ Հադուդին, որ յուր երկու աչքի լույսի հետ չէր փոխի։ Ձին բերեցին, հրամայեցի տանել ախոռը, իսկ աղջիկը մինչև այսօր էլ իմ հարեմխանայումն է...

Վերջին խոսքերը Խալաֆ-բեկի դստեր մասին վերաբերում էին Բագիմ-խանումին, Միրզա-Շաֆիի սրտին ամենամոտ առարկային։ Նրա հպարտ աչքերը վառվեցան այդ լսելու ժամանակ և շրթունքը սկսեցին դողալ։

— Ի՜նչ լավ եք արել,— գովեցին ամեն կողմից իշխանի նենգությունը։

— Շա՜տ լավ է արել,— վրա բերեց Միրզա-Շաֆին հեգնորեն կերպով,— խաբեբայությունը պատերազմական գործերում թույլ է տված մինչև անգամ ղորանով...

Խոսակցությունը ընդհատվեցավ, երբ ներս բերվեցան ղեյլանները։ Նրանք սկսեցին ծխել։

— Դուք բոլոր ժամանակը Ս...ումը անցուցիք, իշխան,— հարցրուց խաներից մինը։

— Երեք օր միայն։ Այնտեղից ես եկա Հյուսեին-խանի մոտ, ճաշին հյուր եղա նրա գյուղումը։ Ճշմարիտն ասած, շատ ուրախ անցուցինք։ Խանն ինձ զվարճացնելու համար կանչել տվեց յուր հրեա բայաթներից մի քանի պատանիներ և աղջիկներ, նրանք «ջիհուդի» պար բռնեցին։ Ա՜խ, ի՞նչ ծիծաղելի էր այդ նզովյալների խաղը։ Հետո մի քանիսին ծերերից փայտի կապել տվավ խանը. սկսեցին ծեծել, նրանց լացը ու գոռոցն ավելի ծիծաղեցրուց ինձ, կատարյալ «ջիհուդի շիվան»...

Այդ խոսքերը այնպիսի մի եռանդով պատմեց իշխանը, որ շարժեց բոլոր հյուրերի ծիծաղը, բացի Միրզա-Շաֆիից։

— Ես էլ տեսել եմ այդ անիծվածների խաղերն,— ասաց խաներից մինը,— ճշմարիտ շատ ծիծաղելի է։ Երբ առաջին անգամ գնացի Համադան որպես կուսակալ, երբ քաղաքին մոտեցանք, բոլոր ժողովուրդը ընդառաջ ելավ։ Մուսուլմաններն ամեն մի տասը քայլափոխում մատաղ էին մորթում ձիուս ոտքերի տակ։ Ջիհուդները պար էին գալիս։ Նրանք հագել էին ծաղրական հագուստներ, գլխներին գրած էին երկայն, զանազան գույներով