Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտահայտություն, և նա, խորին կերպով հոգոց հանելով, ասաց.

— Այո՛, տանջեցին... իմ սիրեկան։ Արդեն տասն տարի է այս քաղաքումս ես լսում եմ պարսիկը հայի հավատքը հայհոյելիս և լռում եմ...։ Ես տեսնում եմ պարսիկը հայի գլխին ծեծելիս, աչքերս խփում եմ և անց եմ կենում...։ Սիրտս կրակ է կտրում, աչքերիցս արտասուքը վազում է... բայց ոչինչ չեմ կարողանում անել... որովհետև այստեղ թե լեզուս և թե ձեռքս՝ երկուսն էլ կապված են...

Ալմաստը լսում էր վերջին խոսքերը բոլորովին համակրությամբ։— Ինձ հետ էլ միշտ միևնույնն է պատահել, Մեխակ ջան,— տիկինն ընդմիջեց նրա խոսքը,— թեև ես մինչև այսօր ձևացրել եմ ինձ որպես ճշմարիտ մահմեդական, բայց դարձյալ երբ իշխանը կբարկանար ինձ վրա, իսկույն կսկսեր խաչին հայհոյել։

— Այդպես են վարվում այդ բարբարոսները հայերի հետ,— պատասխանեց Քերիմ-բեկը կրկին ախ քաշելով։— Անցյալ օր հայերի թաղովն անցա, մի քանի պարսիկներ ցերեկով մտել էին մի գինեվաճառ հայի տուն խմելու համար։ Այնտեղ միայն գտնում են մի մանկահասակ հարս, որը, պարսիկներին տեսնելով, փախչում է դրացու տունը։ Գազանները, տեսնելով մի ութը տարեկան աղջիկ, որ քնած է լինում սենյակումը, անմեղ կուսին անգթությամբ բռնաբարում են... և նա սրտապատառ է լինում ու մեռնում է։ Ես տեսա նրա անբախտ հորը, որ դստեր անպատված դիակը դրել էր մեծ վեզիրի դռանը և արդարություն էր խնդրում։ Պարսիկները անցնում էին, նայում էին անմեղ զոհի վրա և ծիծաղում էին...

— Խե՜ղճ աղջիկ... — հառաչեց Ալմաստը և նրա աչքերը թաց ելան արտասուքով։

— Ա՜խ, այնքան շա՛տ է այդ ազգի կրակն իմ սրտի մեջ,— հառաջ տարավ երիտասարդը ցավալի ձայնով,— որ հազարավոր պարսիկների արյունով դարձյալ չեմ կարող մարել նրան...: Ես դեռ չեմ պատմել քեզ, սիրելի Ալմաստ, թե ինչպես գերի արեցին ինձ։ Առավոտյան ժամն էր։ Հայրս մի սայլ էր վարձել, ուզում էր մեզ փախցնել Կախեթ։ Մին էլ տեսանք պարսիկները թափվեցան մեր տունը։ Հայրս նրանց աղաչեց, թե «ինչ որ ունեմ, չունեմ ձեզ ըլի, տարեք, բայց երեխերքիս ձեռը մի տաք»։ Նրանք մեր տունը թալանելուց հետո, ուզում էին տանել ինձ ու իմ քույր Նինոյին։ Դու հիշո՞ւմ ես, Ալմաստ, ի՛նչ սիրուն աղջիկ էր նա: Մայրս մեր երկուսին