Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Րաֆֆին դիմում է անցյալին, այնտեղից է վերցնում իր նյութը, գտնելով, որ 4-րդ դարի պայմանները նման են 19-րդ դարի պայմաններին։

1880-ական թվականներին Րաֆֆին վերստին վերադառնում է լուսավորականության գաղափարին: Անցել էր ռուս-թուրքական պատերազմի շրջանը, հայ ժողովուրդը դեռևս մնում էր օտարի լծի տակ, իսկ ազատագրական շարժման նոր վերելքը ուշանում էր։ Լուսավորականությունը Րաֆֆին կրկին դիտում է իրրև միջոց, որով կարելի է պահպանել ժողովրդին և կռվել ազգային ոչնչացման վտանգի դեմ։

«Պարույր Հայկազնում» Մեսրոպը, Խորենացին, Եզնիկը, Ղևոնդը, Կորյունը, Եղիշեն, Փարպեցին լուսավորական շարժման ներկայացուցիչներ են, հունահռոմեական և պարսկական աշխարհակալությունների թշնամիներ։ Սրանց վրա է հենվում Րաֆֆին, հատկապես Մեսրոպի և Խորենացու վրա, հայկական գրի և գրականության ստեղծումը դիտելով իբրև հզոր զենք օտար բռնակալությունների ավերիչ ազդեցությանը հակադրելու համար։

Պարույրը, Աթենքի և Հոոմի մեծ հռետորը, խորթացել էր Հայաստանին և անզգա էր հայ ժողովրդի պահանջների հանդեպ։ Նա կոսմոպոլիտի և կոսմոպոլիտիզմի մարմնացումն է, ինչ-որ աբստրակտ գիտության ու աբստրակտ շահերի հետևող։ Շոշափելի, կոնկրետ նկարագիր ունի Պարույրի կերպարը և դա առանձնապես ատելի է դարձնում հերոսի հակահայրենասիրությունը։ Առավել ուժեղ, ցայտուն է Խորենացու — մեծ հայրենասերի կերպարը, որով Րաֆֆին հաստատում է հայրենիքի անկախության, ազգային ինքնաճանաչության և ինքնության պահպանման, ժողովրդի լուսավորության միտքը, ինչպես նաև օտարամոլության և օտար բռնակալության ժխտման գաղափարը, «Մայրենի լեզուն հետզհետե մեռնում էր. նորա հետ մեռնում էր և ազգությունը։ Եվ դրա մեջն էր Հայաստանի իսկական մահը»,— գրում է Րաֆֆին, կարծեք իր օրերի մասին, իր օրերը նկատի ունենալով։ «Պարույր Հայկազնով» նա գալիս է բորբոքելու հայրենասիրությունը, բորբոքելու գաղափարական-քաղաքական պայքարն ընդդեմ արտաքին և ներքին ազգադավաճան վտանգների։

Խորենացու վերջին օրերի պաթետիկ֊ողբերգական նկարագրությունը, կղերի և հայ վերին խավերի նրա դեմ ուղղված քստմնելի պայքարի բացահայտումը Րաֆֆուն հոյակապ նյութ են տվել այրող ատելություն հրահրելու թշնամու դեմ և խոր սեր հայրենիքի հանդեպ։

Գաղափարական նույն այս մթնոլորտում է ծնվում «Սամվել» վեպը։ Վեպին նախորդում է ուսումնասիրական խոշոր աշխատանք։ Րաֆֆին հիմնովին ծանոթացել էր հայ կլասիկ պատմագրության հետ, ինքը ևս գրողի հսկայական փորձ էր կուտակել։ «Սամվելը» հեղինակի գեղարվեստական տաղանդի լիակատար դրսևորումն էր։

Սկզբնաղբյուր Փավստոսը քիչ էր. Րաֆֆին որոնումներ է կատարում։ Ի վերջո, նա հասնում է էպոխայի, մարդկանց, նրանց շրջապատի, ամբողջ նյութի վարպետ շարադրությանը։ Վեպում ստեղծված է դարաշրջանի մթնոլորտը, կոլորիտը, պատմական տրամադրություն։ Այս վեպում ևս մեծ իդեաները ծնում են մեծ դեմքեր ու նշանակալից գործողություններ։ Առաջավոր իդեաները ծնում են առաջավոր դեմքեր։ Գործող անձինք բաժանված են տարբեր բանակների ըստ իրենց մտածելակերպի,