Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այնտեղ թափված էր ժողովրդի խուռն բազմություն։ Մայրերը լաց էին լինում և սուրբ աստվածածնին աղաչում։ Հայրերը կրճտացնում էին իրանց ատամները և իրանց վիճակն անիծում։

— Թող սև լինի այսպեսի օրը,— ասում էր նրանցից մինը։

— Այս ի՜նչ կյանք է,— խոսում էր մյուսը.— մեր տունը, տեղը, կայքը և մինչև անգամ ընտանիքը, բոլորը պատկանում են խանին...։

— Ինչո՞ւ չենք մեռնում մենք,— լսելի էր լինում մի այլ ձայն։

— Ստրկի վիճակն այսպես է,— վերջացնում էր մյուսը։

Հանդիպակաց փողոցից երևան եղան խանի խոջաբաշին (ներքինապետը) յուր ֆերրաշներով։ Բոլորը լռեցին։

Խոջաբաշու կողքին գալիս էր մի բարձրահասակ մարդ, երկայն մորուքով և փառահեղ կերպարանքով։ Դա հայերի մելիքն էր։

— Իզուր եք դուք աշխատ լինում, աղա՛,— ասում էր նա խոջաբաշուն.— հայերի մեջ ո՞վ է տվել գեղեցիկ աղջիկ, որ պատշաճ լիներ շահին ընծա տանելու։

— Ընդհակառակն, այդ գյուղ գյուզելները (գեղեցկուհիները) ամեն տեղ գովասանված են,— պատասխանեց խոջաբաշին։

— Երդվում եմ ձեր պատվական գլխով, որ այդ սուտ է։

— Կստուգենք այժմ...։

Մելիքը տեսնելով, որ ոչինչ կերպով չկարողացավ համոզել նրան, մոտեցավ նրա ականջին և ինչ-որ փսփսաց։

— Ո՛չ մի բանի համար ես չեմ կարող իմ տիրոջս հրամանը դավաճանել,— բացասական կերպով պատասխանեց խոջաբաշին։ Հուսահատությունը տիրեց խեղճ մելիքին։

Նրանք մոտեցան խեղճ աղջիկների խմբին, խոջաբաշին սկսեց անցնել նրանց շարքի առջև և մին-մին հետազոտում էր նրանց գեղեցկությունը։

Նա որոշեց նրանց միջից երկու աղջիկ միայն, որոնց մինն էր հրեա, իսկ մյուսը հայ։ Վերջինը օրիորդ Նազանին էր։

Սույն միջոցին մի կնոջ սիրտը թուլանալով՛ ընկավ բազմության մեջ։ Դա էր օրիորդի մայր Եղիսաբեթը։

Արծվի արագությամբ, նստած սրընթաց նժույգների վրա, հանկարծ թափվեցան չորս զինավորված տղամարդիկ։ Նրանք հագնված էին քուրդի ձևով, և երեսները կասլված էր թաշկինակով։ Նրանք հարձակվեցան կուսագիրների վրա, ֆերրաշներն ընդդիմացան. սուրերը փայլեցին և մի քանիսը պարսիկներից գետին