Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Աղջի Ջավահի'ր,— ձայն տվեց նա հարսին։

Հայտնվեցավ հարսը, երեսը մինչև գոտին ծածկված կարմիր լեչակով։

Սկեսուրը ասաց նրան.

—Հարսի՛, մելիքը միտք ունի պսակվել Հռիփսիմեի հետ, այսօր ես նրան ուրիշ տեսակ տեսա, երևում է սրտումը բան ունի թաքցրած։ Նա ամաչեց, ինձ ոչինչ չասաց, բայց քեզանից չի ծածկի յուր սիրտը։ Դու նրան խոսացրու, միտքն իմացի՛ր և ինձ խաբար տուր։ Հարսը գլխով շարժեց ի նշան համաձայնության։

—Հիմա նա կդառնա աղբյուրից,—շարունակեց Մարթան,— ես գնում եմ քավորենց տունը, դու նրան խոսացրու։

Մարթան առեց յուր թեշին և ձեռքում մանելով տանից դուրս գնաց։

ճանապարհին նրան հանդիպեց սանամեր Շուշանը։

—Աչքդ լո՜ւյս—ասաց նա ծիծաղելով,—ինչպես աղջկադ բախտը բաց էլավ. սուրբ Կարապետը, Մարթա, աստված ձեզ ողորմություն արաց․․․ — Աստված քո Մարիամին էլ փոխ անե,—պատասխանեց Մարթան։—Հիմա հավատում ե՞ս, Մարթա, որ իմ երազը կատարվեցավ։ Քանի օր առաջ ասում էի քեզ, որ երազում տեսա մի կանաչ—կարմիր լույս կամար էր կապել ձեր տան վրա։ Այդ լույսն մելիքն էր․․․

— Փառք յուր ողորմությանը,—երեսը խաչակնքելով ավելացրեց Մարթան,—տեր ամենակալը խղճաց մեր թշվառության վրա․․․։

Այդպիսի կրոնական զգացմունքներով, նրանք շարունակելով իրանց խոսակցությունը, գնում էին քավորենց տունը։ Մինչդեռ Հռիփսիմեն դարձավ աղբյուրեն։

Դ

— Լսե՞լ ե՛ս, Հռիփսիմե,—ասաց նրան Ջավահիրը․—մեր մելիքը միտք ունի քեզ վրա պսակվի։

—Չէ՛, Ջավահիր, ես ջուրը կընկնեմ, ես ինձ կխեղդեմ, ես չեմ կարող նրան ուզել,—ասաց Հռիփսիմեն, արտասուքը սրբելով։