Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Այժմ, պարոն Արեսյան,- ավելացրեց բժշկապետը, -պատմեցե՛ք ինչ որ գիտեք, պատմեցե՛ք, որպես ձեր խոստովանահորը, ի նկատի ունենալով, որ դուք ինձ տված տեղեկություններով կնպաստեք հիվանդի առողջությանը։

Երիտասարդը մի քանի րոպե շփոթված դրության մեջ մնաց։

Առաջին անգամն էր, որ նա ստիպված էր դուրս թափել այն ցավալի ծանրությունները, որոնք ամբարված էին նրա սրտի մեջ․․․

- Մի՛ խռովվեք, պատմեցե՛ք խնդրեմ,- ասում էր բժշկապետը։

Գ

Երիտասարդ Արեսյանն այդպես սկսեց յուր պատմությունը.

«Հառաջ քան խոսել օրիորդի մասին, ես հարկավոր եմ համարում ծանոթացնել ձեզ, պարոն բժշկապետ, նրա ծնողների հետ, որտեղ դուք կարող եք ճշտությամբ եզրակացնել այն դժբախտության պատճառն, որի մեջ այժմ գտնվում է հիվանդը։ Նրա հայրը ոստիկանության մի հասարակ ծառայող էր։ Քաղաքի մի աղքատ և խավար մասումը նա կատարում էր թաղապետի պաշտոն։ Այդ այն ժամանակն էր, երբ ոստիկանությունն յուր անկարգ կազմակերպության մեջն էր։ Օրիորդի հայրն, այդ խորամանկ ոստիկանը, հավատարմապես յուր պաշտոնին՝ ամբողջ տասնյակ տարիներով ծծեց խեղճ բնակիչների արյունը և քամեց նրանց գրպանի հյութը։ Որտեղ գողություն էր լինում՝ նրա մատը խառն էր, որտեղ խռովություն էր պատահում՝ նա էր խմորը, որտեղ կանայք էին անպատվում նա ընկեր էր սրիկաների հետ, մի խոսքով, ամեն չարագործությանը մեջ նա ներկա էր։ Մինչև այդ բոլորը հայտնվեցան, մինչև հաղթահարված որբերի և այրիների աղաղակն և բողոքն ուշադրության հասավ, այդ պարոնն, որպես ռամկորեն ասում են՝ «յուր բեռը բռնեց»։ Թեև նա այնուհետև զրկվեցավ յուր պաշտոնից, բայց հոգը չէր, որովհետև արդեն շատ հազարներով նրա ոսկիքը, խեղճերի արյան և քրտինքի արդյունքը, զանազան սեղանատներում առատ տոկոսիք էին բերում։

«Ոստիկանի պաշտոնական համազգեստը փոխելով պատվավոր քաղաքացու հագուստով, նա մտավ մեծամեծ կապալների