Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպիսի որոգայթ լարում էր ինձ համար, որ և եղավ խեղճ Սոնայի դժբախտության պատճառը...

Այստեղ Արեսյանը դարձյալ կանգ առեց և նրա դեմքը մթնեցավ տխրության ամպով։

«Ա՜խ սեր, ա՜խ սեր, ցնորամիտ սեր.․.— կոչեց նա,— դու ավելի լի ես հիմարություններով, երբ բորբոքվում ես մի անփորձ սրտի մեջ...

«Հովանոցի անցքից հետո,— առաջ տարավ Արեսյանն,— ես գտնվում էի բոլորովին տենդային դրության մեջ։ Քունը բոլորովին անհետացավ իմ աչքերից, ես ամբողջ օրն անհանգիստ էի։

«Տիկինը միշտ սառն էր ինձ հետ։ Նրա լեզուն դադարեց յուր սովորական շատախոսելուց, նա միշտ տխուր էր և լուռ։ Բայց այդ ծածկամիտ լռության մեջ թաքնված էր մի սարսափելի գաղտնիք։

«Օրիորդի մայրն այն վտանգավոր կնիկներից մինն էր, որ չէր կարելի չվախենալ նրանից։ Մի քանի դեպքեր նրա պատմությունից, որոնք ինձ լավ հայտնի էին, առիթ էին տալիս մտածել, որ նա պատրաստ էր ամեն չար գործելու մինին, երբ նա չէր հնազանդվում նրա կամքին...

«Բայց երիտասարդությունն, անմի՛տ երիտասարդությունը՝ միշտ հեռու է պահում իրան խոհեմությունից...։ Ես չկարողացա երկար համբերող լինել։

«Օրիորդը շատ սիրում էր ման գալ լուսնյակ գիշերով, մանավանդ երբ նա շրջում էր անտառի մթության մեջ։ Մի գիշեր նա ինձ առաջարկեց կատարել մի այդպիսի զբոսանք, հայտնելով, թե շատ տխուր էր և կամենում էր յուր ամբոխմունքը ցրվել։ Ես սիրով հանձն առի, ամենևին չմտածելով, որ այդ կատարվում էր առանց նրա մոր գիտությանը։

«Գիշերը խաղաղ էր և լռին։ Լուսինը նազելով սահում էր պարզ երկնակամարի վրա և թափում էր յուր արծաթի շողքերը նիրհած անտառների մեջ, ավելի ևս քաղցրացնելու դարևոր ծառերի հսկայական քունը։

«Զբոսանքի ամբողջ ժամանակն օրիորդը քարշ էր ընկած իմ թևքից, նա խոսում էր առանց լռելու և նրա խոսքերն այնքան տաք և անուշ էին, որպես հրեշտակի շունչը...։ Աննկատելի կերպով մենք բավականին հեռացել էինք տնից, երբ գտնվում էինք անտառի խորքում։ Վերջապես «հոգնեցա» ասաց օրիորդը և նստեց մի կտրած ծառաբունի վրա։ Ես լուռ նստեցի նրա մոտ։