Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Լուսնի շողքերը թափանցել էին ծառերի ստվերի միջից և նրա կաթնագույն լուսով օրիորդի դեմքը նկարվում էր այն սրբազան լռության մեջ, որպես անտառային հավերժահարսի կերպարանքը։

— «Ի՞նչ գեղեցի՛կ է այստեղ, Օսեփ,— ասաց նա լի բանաստեղծական ոգևորությամբ,— ի՞նչու չլինել մեզ մի զույգ անտառային եղջերուներից և բնակվել միշտ այդ սարերի, այդ ձորերի և, այդ ծառերի լռության մեջ․․․։ Անասուններն այստեղ ավելի երջանիկ են, քան թե մենք մեր շքեղազարդ դահլիճներում... Այստեղ, այս ծառերի սրբազան լռության մեջ՝ մայրերը չեն խանգարում իրանց ձագերի ոչ սերը, ոչ նրանց ծիծաղը և ոչ արտասուքը։ Այստեղ մի սրբարան է, Օսեփ, ուր սերը կարող է ազատ կերպով պաշտվիլ․․․

«Ես ապշեցա, և ավելի պարզ ասած, մինչ այն աստիճան հիմարացա, որ մի բառ անգամ չկարողացա գտնել պատասխանելու իմ սիրուհուն։ Միայն գլուխս նրա գիրկը դրած, նրա ձեռքերը ստեպ-ստեպ սեղմում էի շրթունքիս վրա։

«Աննկատելի կերպով անցել էր գիշերը։ Մենք այդ կախարդական մոռացության մեջ անցուցել էինք մի քանի ժամեր, ժամեր, որոնց ամեն մի րոպեին այժմ կյանքս կզոհեի...

«Հանկարծ թփերի միջից լսելի եղավ խշխշոց, դա նման էր բարակ զգեստի սոսափյունին։

— «Այստեղ ի՞նչ եք շինում»,— լսելի եղավ մի ձայն:

«Դա Սոնայի մոր ձայնն էր...: Կայծակի հարվածքն այնքան սարսափելի չէր կարող լինել, քան թե այդ զարհուրելի ձայնը։

«Երևում էր, տիկինն երկար լսում էր մեզ:

«Ես բոլորովին քարացա։ Օրիորդն ամենևին չկորցրեց յուր արիությունը։ Նա ընկավ յուր մոր ոտքերը և նրա արտասվալի հեկեկանքի միջից լսելի եղան այդ խոսքերը․— «Մայր իմ, մի' բարկացիր, ես սիրում եմ Օսեփին...

«Տիկնոջ դեմքն այնքան ահարկու էր, որպես կատաղած գազանի կերպարանքը։ Այսուամենայնիվ, նա զսպեց յուր բարկությունը և հրամայեց մեզ տուն դառնալ։

«Արշալույսը դեռ նոր սկսել էր շառագունել։ Մենք անցուցել էինք ամբողջ գիշերն անտառում․․․

«Օրիորդը, գլուխը քարշ ձգած, սկսեց դիմել դեպի տուն։ Ես այլևս չհամարձակվեցա առնել նրա թևքը, թեև տեսնում էի, որ նրա մեջ շրջելու ուժ չէր մնացել․․․