Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բժշկապետը բոլորովին զարմացած էր նրա քարաստրության վրա։ Ոչ մի կաթիլ արտասուք չերևաց նրա աչքերում, ոչ մի ցավակցության նշույլ չերևաց նրա սառը դեմքի վրա, չնայելով, որ բժշկապետը խիստ կարեկցական ձևով նկարագրեց նրա դստեր դրությունը։

— Այդ անկարելի է,— վերջապես ասաց նա ողորմելի ձայնով։— Նախախնամության կամքին ընդդիմանալ ո՞վ կարող է։ Եթե աստված վճռել է իմ աղջկան մեռնել, ո՞վ կարող է արգելք դնել օրհասին, եթե նրա օրը հասած չէ, նա առանց մեր հոգատարության ևս կապրե։

Զարմանալի բան է, որ այդպիսի գազաններն, որոնք իրանց կյանքում երբեք չեն մտածել աստուծո և երկնքի վրա, հանկարծ դառնում են ֆատալիստներ։ Հիվանդի հայրն այնպիսի մի ջերմեռանդությամբ արտասանեց յուր խոսքերն, որ ստիպեց նրան մի քանի անգամ խաչակնքել յուր երեսն։ Այդ բռնակալների հատկնիշն է՝ իրանց բարբարոսությունները ծածկել կրոնական քողով և խղճի խայթերը հանգստացնել նախասահմանության տնօրենությամբ...

Այդպիսի տիպերն, որոնց թիվը դժբախտաբար մեզանում խիստ շատ է, վաղուց ծանոթ էին բժշկապետին, և նա չկարողանալով այլևս յուր համբերությռւնը զսպել ասաց նրան.

— Դուք ուրեմն կամենում եք սպանել ձեր աղջիկը։

— Նրա կյանք և մահն աստուծո ձեռքումն է,— պատասխանեց նա ավելի սառնությամբ։

— Գա՛զան,— կոչեց բժշկապետը կանգնելով,— քեզանում մեռած են՝ որպես մարդկային գութը, նույնպես հայրական սերը: Բայց ես իբրև բժիշկ ամենայն իրավունք ունեմ նրան դուրս հանել յուր սպանդանոցից։

Բժշկապետը հեռացավ։ Հիվանդի հայրն յուր հոգու բոլորովին անվրդով տրամադրությամբ շարունակեց քրքրել յուր հաշվագրրքերը...

Թ


Երբ բժշկապետը դուրս եկավ, Արեսյանն անհամբերությամբ հարցրուց.— արդյոք հաջողվեցա՞վ... Բայց նկատելով Խորենյանի վրդովված դրությունը, էլ չսպասեց պատասխանի։ Բժշկապետը հրամայեց քշել կառքը։